«Ծրագրավորման ժամը» սկիզբն է մի մեծ ուղու
Ինչպե՞ս և ո՞ր տարիքում են ծրագրավորել սկսել Բիլ Գեյթսը կամ Ստիվ Ջոբսը, ամբողջ աշխարհը գիտի, այ թե ինչպես են սկսում ծրագրավորել Հայաստանի աշակերտները, գիտեն «Ծրագրավորման ժամ» միջոցառման 300-ից ավել մասնակիցները, ովքեր դեկտեմբերի 18-ին հավաքվել էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և «Այբ» դպրոցի նախաձեռնած միջոցառմանը։ Մի քանի ժամերի ընթացքում մասնակիցները ոչ միայն սկսեցին խաղերի միջոցով հասկանալ ծրագրավորման տրամաբանությունը, այլև հաճույք ստանալ կոդ գրելուց։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսի ոգևորվածությամբ էին տարբեր տարիքի երեխաներ խորհրդակցում իրենց կցված մենթորի հետ և նրանից ցուցումներ ստանալուց հետո լուծում խնդիրները։ Իսկ մենթորների դերում էին Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ծրագրավորողներ, ովքեր մեծ ոգևորվածությամբ կիսվում էին իրենց փորձով և խրախուսում մասնակիցներին փորձել այնքան, մինչև ճիշտ ստացվի։ Առանց մեր նվիրված մենթորների անհնար կլիներ պատկերացնել այս միջոցառման հաջողությունը։
Միջոցառմանը զուգահեռ անցկացվեցին նաև վարպետության դասեր՝ տարբեր ընկերությունների կողմից։ Նրանք սովորեցրեցին մասնակիցներին, ինչպես ստեղծել մեծ համակարգեր, ինչպես նախագծել խաղեր և որքանով է կարևոր անվտանգ գաղտնաբառերի կիրառությունը:
Էլ ինչ ՏՏ միջոցառում, առանց լավ ինտերնետ կապի։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ծրագրավորման ժամ» միջոցառման իրականացման համար տրամադրել է 150 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ներբեռնման և վերբեռնման համար՝ Wi-Fi ցանցի միջոցով, ինչը հնարավորություն է տվել ապահովել միջոցառման 300 մասնակիցների միաժամանակյա միացումը համացանցին: Հատուկ շնորհակալություն նաև մեր համեղ գործընկերն menu.am-ին՝ մասնակիցներին համեղ սնունդով ապահովելու համար:
Վստահ ենք, որ միջոցառման մասնակիցներից շատերին կհանդիպենք հաջորդ տարի։
Մինչ «Ծրագրավորման ժամը» 2017