Ի՞նչ է պահանջվում սկսնակներից ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար

Այս հարցի պատասխանը գտնելու համար մենք զրուցեցինք «Full Stack .NET» ծրագրավորման ճամբարի մասնակից Վահեի հետ, ով ճամբարի ավարտից հետո աշխատանքի է անցել Acba Bank–ում՝ որպես RPA Developer։

Ծրագրավորումն առաջին հայացքից կարող է բարդ ու դժվար հաղթահարելի թվալ, սակայն հենց դա էր, որ գրավեց Վահեին։ Մանկուց լսած խոսքերը, թե հաջողության հասնելու համար պետք է քայլել դժվար ճանապարհով, մղեցին նրան ընտրելու ՏՏ ոլորտը։

«Ծրագրավորումը հենց այն ճանապարհն է, որը դժվար է հաղթահարել։ Ես արդեն իսկ որոշել էի C# լեզուն սովորել, ու ծրագրավորման ճամբարը ինձ կտար հնարավորություն՝ հասնելու նպատակիս»,-  ասում է նա։

Ծրագրավորման ճամբարների ընթացքում մեզ համար կարևոր է ճիշտ և տրամադրող միջավայրի ստեղծումը, որտեղ մասնակիցները ոչ միայն տեխնիկական գիտելիքներ են ձեռք բերում, այլև սովորում են աշխատել թիմում և ճիշտ պլանավորել իրենց ժամանակը։

«Ճամբարում ինձ հանձնարարված էր բացի հիմնական դասերից շաբաթական առնվազն 4 ժամ անցկացնել ՄԻԿ–ում, իսկ ես գրեթե ամեն օր էի 4 ժամ անցկացնում։ Զուգահեռ սովորում էի համալսարանում և դասերը վերջացնելուց հետո գնում էի ՄԻԿ։ Հասցրել էի ծանոթանալ թիմակիցներիս հետ և ունենում էի քննարկումներ ամեն դասից հետո։ Այդ թիմային քննարկումներն ինձ շատ են օգնում հիմա աշխատավայրում՝ ավելի լավ համագործակցելու տեխնիկական նախագծերի վրա աշխատելիս։ Տնայինները միշտ պատրաստ են եղել մինչև հաջորդ պարապմունքը։ Սկզբում ժամանակատար էին իհարկե, բայց հետո հեշտությամբ էին ստացվում»։

Անհաջողություններն ու դժվարությունները անխուսափելի են ուսման ընթացքում, սակայն «6 ամիսների ընթացքում ես երբեք մոտիվացիաս չեմ կորցրել։ Ամեն օր ձգտում էի ավելին իմանալ և խմբում լինել առաջատարներից մեկը», - ասում է Վահեն։ 

Շատ սկսնակների հետաքրքրում է՝ որքան ժամանակ պետք է տրամադրել տեսական և գործնական գիտելիքների ձեռքբերմանը, որպեսզի կարողանան հաջողության հասնել ՏՏ ոլորտում։ Վահեն, հիմնվելով իր սեփական փորձի վրա, համոզված է, որ ուսման գործընթացը երբեք վերջ չունի․

«Ինչքան էլ ժամանակ տրամադրես, միշտ մի նոր բան կա սովորելու։ Կարևորն այն է, որ երբեք չբավարարվես իմացածով», - ասում է նա։

Նա նաև անդրադառնում է այն կարծրատիպերին, որոնք հաճախ կոտրում են սկսնակների մոտիվացիան․

«Ինձ հաճախ են ասել, որ աշխատանքի ընդունվելու համար պետք է բախտավոր լինես, քանի որ թեկնածուները շատ են, իսկ շանսերն՝ ավելի քիչ։ Բայց իմ խորհուրդն է՝ երբեք ուշադրություն մի դարձրեք նման կոտրող խոսքերին։ Ոչ մի հաջողության հասած մարդ չի ասում՝ «թո՛ղ դա քեզ պետք չի», այլ ընդհակառակը՝ միշտ խրախուսում է շարունակել ուսումը և զարգանալ», - հավելում է Վահեն։

Վահեն ունի հստակ խորհուրդներ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մրցունակ մնալ աշխատաշուկայում՝ հատկապես ՏՏ ոլորտում, որտեղ փոփոխությունները շատ արագ են։ «Մասնագիտական սերտիֆիկատները կարևոր են, քանի որ դրանք ոչ միայն հմտությունների չափանիշ են, այլև ցույց են տալիս, որ դուք պատրաստ եք շարունակաբար զարգանալ»:

Բացի այդ, նա նշում է, որ միշտ պետք է ուշադրություն դարձնել նոր հմտությունների ձեռքբերմանը և չընկնել հարմարավետության գոտի։ «10 տարի հետո մեր մրցակիցները կարող են լինել ռոբոտները։ Պետք է միշտ պատրաստ լինել զարգանալու ու հարմարվելու»:

Վահեի հաջողության պատմությունը ապացուցում է, որ ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար պահանջվում է համառություն, անընդհատ սովորելու ցանկություն, թիմային աշխատանք և ճիշտ միջավայր։  Նորարարություններն ու տեխնոլոգիաները միշտ առաջ են շարժվում, և յուրաքանչյուր սկսնակ պետք է պատրաստ լինի հարմարվելու այդ փոփոխություններին։ 

 

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Ծրագրավորման ճամբարն անցկացվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո։ 

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։