Գաղտնիքներ կամ հաճախ տրվող հարցեր ծրագրավորման ճամբարի մասին
Ճամբարների/coding bootcamp/ ձևաչափը մեծ կիրառություն ունի արտերկրում և կիրառվում է կրթական տարբեր ոլորտներում՝ ծրագրավորումից մինչև արվեստ ու բժշկություն։ Անկախ թեմատիկ բովանդակության՝ բոլոր ճամբարներն ունեն մի շարք նմանություններ՝ ինտենսիվ գրաֆիկ, շատ աշխատանք, կարճ տևողություն ու պրակտիկա, պրակտիկա, պրակտիկա։ ՄԻԿ-ում մենք առաջարկում ենք ծրագրավորման ճամբարներ Full Stack .Net կամ Full Stack JS-ով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում երիտասարդների շրջանում, բայց ինչպես ամեն մի նոր բան, այնպես էլ այս դեպքում, շատ են հարցերը և հարցականները։ Մենք կազմել ենք հարցերի մի շարք, որն առավել հաճախ են հղում պոտենցիալ դիմորդները։
Ի՞նչ է ծրագրավորման ճամբարը։
6 ամիս տևողությամբ ինտենսիվ ուսումնական ծրագիր, որի արդյունքում կունենաս այնքան գիտելիք և գործնական փորձ, որ կկարողանաս ավարտից հետո անցնել աշխատանքի՝ որպես կրտսեր ծրագրավորող կամ intern։
Ի՞նչ լեզու եմ սովորելու։
Ծրագրավորման ճամբարը քեզ միայն մի լեզու չի սովորեցնում, այլ ծրագրի մշակման ամբողջ շղթան՝ client interface-ից սկսած մինչև server-side: Եթե դիտարկենք բաժիններով, ապա սկսում ենք Back-end ծրագրավորումից (սկզբում՝ հիմունքներ, այնուհետև՝ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում), այնուհետև անցնում front-end-ի հատվածին՝ միաժամանակ սովորելով տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ։ Վերջին երկու ամիսներին կենտրոնանում ենք սերվերային հատվածի և ASP.NET Core-ի վրա։ Սակայն ամենակարևոր բանը, որ սովորում ենք ճամբարի ընթացքում, մտածելն, խնդիր լուծելն ու այն պրակտիկորեն ծրագրավորելն է։
Ո՞րն է ծրագրավորման ճամբարի տարբերությունը` դասընթացի հետ համեմատած։
- Ծրագրավորման ճամբարը տալիս է համապարփակ/complex/ գիտելիքներ՝ հիմունքներից մինչև այն մակարդակ, երբ դու հստակ պատկերացնում ես՝ ինչպես լուծել խնդիրը և այդ լուծումն իրականացնել։
- Ի տարբերություն դասընթացների, այստեղ գործում է գործընկերային սկզբունքը, ինչը ենթադրում է, որ որպես գործընկերներ՝ մենք մշտապես հետևում ենք քո առաջընթացին, ուղղորդում, եթե կան որոշակի բացեր։
- Ճամբարի ընթացքում դու աշխատում ես թիմում և մշակում իրական նախագծեր, որոնք քեզ տալիս են ոչ միայն ծրագրավորման գործնական փորձ, այլ նաև թիմում համատեղ աշխատելու փորձ։
Նախնական ի՞նչ գիտելիք է պետք:
Հաշվի առնելով ծրագրավորման ճամբարի արագ տեմպը՝ քեզ համար ավելի հեշտ ու արդյունավետ կլինի, եթե դու նախապես որոշակի գիտելիքներ կամ պատկերացումներ ունենաս ծրագրավորման մասին։ Իսկ եթե դեռևս չունես, բայց փոխարենը ունես ուժեղ կամք ու համառություն ու նվնվան չես, ապա կարող ես ճամբարի առաջին երկու շաբաթների ընթացքում լրացնել այդ բացը։
Ես արդեն որոշ բաներ գիտեմ, կրկնություն չի լինի՞։
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խորությամբ գիտես։ Եթե ունես որոշակի պատկերացում հիմունքների կամ օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման մասին, ապա կրկնություն հաստատ չի լինի, քանի որ ճամբարի ընթացքում ամեն ինչ սովորում են հիմնովին և խորապես։ Բացի այդ ճամբարը թիմային մեծ աշխատանք է, որտեղ բոլորը մի նավում են և առաջ են գնում միաժամանակ թիավարելով։
Քանի՞ ժամ եմ դասի գալու։
Ճամբարի դասընթացները կարող են լինել ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին։ Եթե սկզբնական շրջանում դասընթացները լինում են շաբաթական 4 անգամ 2-ական ժամով, ապա մի ամիս անց տեմպն ավելի է ինտենսիվանում և հանդիպում ենք ամեն օր մի քանի ժամով։
Օրական քանի՞ ժամ ծանրաբեռնվածություն է պահանջում:
Մասնակիցների 70%-ը ՄԻԿ-ում է անցկացնում օրական 5-7 ժամ, որի ընթացքում նրանք կոդ են գրում, մասնակցում են դասերին, գիրք կարդում, փորձում խնդիրներ լուծել, թիմով քննարկում տարբեր առաջադրանքներ, անում պրեզենտացիաներ խմբի մյուս մասնակիցների համար։
Ես 35 տարեկան եմ, կլինի՞։ Կա՞ տարիքային սահմանափակում:
Ծրագրավորման ճամբարում կարող են ներգրավվել 17-29 տարեկան մարդիկ: Ճամբարի տեմպը ենթադրում է, որ մասնակիցը պետք է ամբողջովին ներգրավված լինի ծրագրում և չունենա այլ պարտավորություններ, մասնավորապես աշխատանք և այլն։
Աշխատանքով ապահովում ե՞ք մասնակիցներին։
Ծրագրավորման հիմնարար գիտելիքները, որոշակի պրակտիկ փորձը և զարգացած տրամաբանությունն են ծրագրավորողին ապահովում աշխատանքով, իսկ մենք միայն օգնում ենք, որ դու ձեռք բերես այդ ամենը։
Ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները։
Մասնակիցները ընտրվում են նախնական թեստավորման և հարցազրույցի արդյունքում։ Հաջողությամբ թեստն անցած մասնակիցները հրավիրվում են հարզացրույցի, որի ընթացքում քննարկում ենք, թե ինչպես է մասնակիցը պատկերացնում իր կյանքը մոտակա 6 ամիսների ընթացքում, ինչու է սովորում ծրագրավորում և այլն։
Եթե ընտրվեցի, ապա կավարտե՞մ ծրագիրը։
Առաջին ընտրությունն անցնելը դեռևս չի նշանակում, որ դու միշտ կմնաս ծրագրում անկախ քո գրանցած արդյունքի։ Պարբերաբար անցկացվում են հարցազրույցներ և թեստեր, որոնց արդյունքում առաջընթաց չգրանցած մասնակիցները դուրս են գալիս ծրագրից։
Ուսման վարձը միանգամից ե՞մ վճարելու։
Ընտրված մասնակիցներն ուսման վարձը վճարում են մասնակցության պայմանագիրը ստորագրելուց 10 օրվա ընթացքում։ Եթե հարգելի պատճառով ստիպված ես դուրս գալ ծրագրավորման ճամբարից, մենք քեզ վերադարձնում ենք գումարի որոշակի մասը։