Full Stack .NET ծրագրավորման ճամբար Optimum Partners-ի հետ

Դասընթացի սկիզբ
27 հունվարի, 2025
Դիմումների վերջնաժամկետը
21 հունվարի, 2025
Ծրագրի տևողություն
6-6.5 months
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, հունվարի 20, 19:30

Ծրագրավորման նոր ճամբար, լավ աշխատանք սկսելու նոր հնարավորություններ։

Այսօրվա ՏՏ ոլորտը զարգանում է աննախադեպ արագությամբ, և ընկերությունները կրտսեր ծրագրավորողներից պահանջում են ավելի բազմակողմանի հմտություններ, քան երբևէ: Եթե մի քանի տարի առաջ բավարար էին միայն տեսական գիտելիքները և նվազագույն պրակտիկ փորձը, այսօր ընկերությունները պահանջում են առավել խորը  տեխնիկական հմտություններ, և փափուկ հմտություններ (soft skills)՝ թիմային աշխատանքի, հաղորդակցման էթիկայի և խնդիրների լուծման ունակությունների ձևով:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Optimum Partners Armenia ընկերության հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ ծրագրավորման ճամբար, որը կսովորեցնի մտածել որպես ծրագրավորող, ձեռք բերել տեսական և պրակտիկ հիմնարար գիտելիքներ, մշակել տեխնոլոգիական լուծումներ թիմային միջավայրում, աշխատել իրական նախագծերի վրա, ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ և ընդգրկվել Optimum Partners Armenia-ի թիմում որպես կրտսեր .NET ծրագրավորող։

Ծրագրի արդյունավետության ապացույցն է այն հանգամանքը, որ ծրագրավորման նախորդ ճամբարների արդյունքում 1000-ից ավել ուսանողներ աշխատում են տարբեր ընկերություններում` սկսնակից մինչև ավագ ծրագրավորողներ։

 

Optimum Partners Armenia-ի մասին

«Optimum Partners»-ը հիմնադրվել է 2016 թվականին Հորդանանում: Այն առաջարկում է միջազգային ՏՏ ծառայություններ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են front-end և back-end ծրագրավորումը, ծրագրային ապահովման մշակումը և թեստավորումը՝ ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատացված եղանակով, DevOps-ը, ենթակառուցվածքների կառավարումն ու ապահովումը, ինչպես նաեւ բիզնես գործընթացների արտապատվիրումը՝ BPO-ն: 2022 թվականին «Optimum Partners»-ը ընդլայնեց իր գործունեությունը՝ բացելով նոր գրասենյակ Երևանում: Ընկերության նպատակն է զարգացնել և առաջ մղել Հորդանանի, Հայաստանի և այլ երկրների տեխնոլոգիական տաղանդը՝ կապելով նրանց գլոբալ շուկայի առաջատարների հետ՝ գնահատելով բազմազանությունն ու նորարարական մոտեցումները։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ընկերության հետ համատեղ անցկացվող ծրագրավորման ճամբարը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի լավագույն մասնագետների կողմից մշակված ինտենսիվ դասընթացներ, որոնք կիրականացվեն հետաքրքիր միջավայրում։ Ծրագիրն իրականացվում է Optimum Partners Armenia ընկերության հետ համատեղ և հարմարեցված է կազմակերպության պահանջներին։  

Ճամբարը ներառում է հետևյալ թեմաները՝
  • Խորացված C# և .NET միջավայր
  • Խորացված տվյալների բազաների ծրագրավորում
  • Ամպային հաշվարկներ (Cloud Computing)
  • Իրական նախագծերի մշակում. դուք հնարավորություն կունենաք աշխատել «Optimum Partners»-ի ընթացիկ նախագծերի վրա, ինչը թույլ կտա զարգացնել ձեր գործնական հմտությունները՝ համագործակցելով թիմի հետ:
  • Բարձր մակարդակի անգլերեն․ դասընթացի ավարտին դուք կունենաք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն:

Երկու ժամ տևողությամբ դասերը լինելու են շաբաթական 3-4 օր, երեկոյան ժամերին։ Սակայն հաջողության կհասնի միայն այն մասնակիցը, ով աշխատասեր է և պատրաստ է օրական ամենաքիչը 4 ժամ տրամադրել ծրագրին։ Ճամբարի ծրագիրը ներկայացված է։

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ժամը 19։30-ին մեր գրասենյակում։

Ո՞վ կարող է մասնակցել ծրագրավորման ճամբարին

Նպատակասլաց մարդիկ, որոնք ցանկանում են զարգանալ ընկերության ներսում և ընկերության հետ։ Մենք փնտրում ենք մարդկանց, որոնք ունեն հետևյալ հատկանիշները՝ 

  • Նվիրված են, ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա
  • Տեխնիկական գիտությունների և մաթեմատիկայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներ և/կամ շրջանավարտներ են
  • Ունեն C#-ի բազային գիտելիքներ
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ
  • Ունեն անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացություն։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչո՞ւ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու ծրագրավորման գործնական հմտությունները
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի  վրա
  • Հիանալի հնարավորություն միանալու Optimum Partners Armenia ընկերության թիմին որպես կրտսեր .NET ծրագրավորող: 

Ծանոթացե՛ք Ձեր դասախոսի և մենթորի հետ

Փորձառու մասնագետի մենթորությունը հաջողության կեսն է։ Սուրեն Էդիլյանը ծրագրային ճարտարագետ է։ Ծրագրավորման ոլորտում ունի ավելի քան 10 տարիների փորձ և ոլորտի լավագույն մասնագետներից է։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում դասավանդում է 2017 թվականից։ 300-ից ավել ուսանողներ հենց նրա շնորհիվ են սովորել ծրագրավորում։

Ինչպե՞ս մասնակցել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև հունվարի 21-ը լրացնում ես դիմում-հայտը: 

Որքա՞ն արժի ճամբարը։

Ուսման վարձը կազմում է 629,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը կսկսվի 2025 թվականի հունվարի 27-ին և կտևի 6-6,5 ամիս։

 

Գրանցման թերթիկ