Ի՞նչ անել QA մասնագետ դառնալու համար
Այս հարցը մեր կենտրոնում լսում ենք ամեն օր, այն էլ տասնյակ անգամ։ Ամենալավ պատասխաններից մեկը տալիս է «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացի նախկին մասնակից և իսկ ներկայումս Seven Smarts ընկերության QA մասնագետ Զառա Մուրադյանը։
Աշխատում էի Orange Fitness-ի վաճառքի և հաճախորդների սպասարկման բաժնում։ Երբ գրվում էր կենտրոնի նոր CRM ծրագիրը, ինձ հանձնարարեցին աշխատել ծրագրավորողների հետ, քանի որ ես լավ էի պատկերացնում, թե ինչ է կոնկրետ պետք և ինչպես անել, որ այն առավելագույնս համապատասխանի կարիքներին։ Այս գործընթացը բավականին ինձ հետաքրքրեց և մտածեցի, որ միգուցե մասնագիտացումս փոխեմ։ Google-ով ման էի գալիս QA-ի դասընթացներ, գտա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կայքը, հաջորդ օրը QA-ի դասընթացի տեղեկատվական հանդիպումն էր։ Եկա հանդիպման, ծանոթացա ծրագրին, դասախոսին և որոշեցի, որ գամ, նոր բան սովորեմ։
Դասընթացների ամենակարևոր մասը երևի թե լավ ժամանակն էր, և դասախոս Արթուրի ստեղծած միջավայրը, որ ստիպում էր գործից հետո հոգնած, բայց հավեսով գալ դասի։ Կարճ ժամանակում շատ բան ես սովորում, շատ գիտելիք ես ստանում, բայց շատ բան կախված է քեզանից, թե ինչքան ինքնուրույն կկարդաս, կաշխատես։ Համացանցում շատ բան կգտնես կարդալու, բայց դասընթացի առավելությունը նրանում է, որ դասախոսը տալիս է ճիշտ ուղղությամբ մտածելու ուղղվածություն և ոչ պակաս կարևոր մոտիվացիա։ Արդյունքում կարող ես դառնալ մասնագետ, ով կարողանում է անել գրագետ QA․ գիտես՝ որտեղից սկսել, գործել կազմակերպված, չթողնել, որ ամեն ինչ անեն վերջացնեն, նոր դու սկսես աշխատել։ Գիտես քո բոլոր քայլերը ու դրա անելու պրակտիկ ձևերը, որովհետև դասընթացին ուղղակի չես լսում կամ կարդում, այլ անում ես իրական թեստավորում:
«Զառայի նման մարդկանց առավելությունը կայանում է նրանում, որ բիզնեսի ոլորտում աշխատած մարդիկ ՏՏ պրոդուկտներին նայում են բիզնես տեսանկյունից, որից միայն շահում է ՏՏ-ն։ Աշխատանքի ընդունվելիս Զառան ուներ բավարար գիտելիքներ մի նախագծի QA անելու համար, ինքը կարողացավ շատ արագ հասկանալ իր խնդիրը և թիմում դառնալ անփոխարինելի մարդ։»
Արտավազդ Սոխիկյան, Seven Smarts ընկերության տնօրեն
Դասընթացի ավարտից հետո Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Seven Smarts-ին էր առաջարկել մի քանի ուսանողներ QA մասնագետի համար, որոնց թվում նաև ես էի։ Եկա հարցազրույցի ու շատ ուրախ եմ այն աշխատանքի համար, որ հիմա մեծ հաճույքով անում եմ։