Ինչո՞ւ են ծրագրավորողները դասավանդում
Երբ առաջին անգամ եկա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն աշխատանքի, ի թիվս այլ բաների, որոնք ինձ զարմացրին, ինչպիսիք էին՝ ոչ ստանդարտ օֆիսային աղմուկը, երիտասարդների անվերջ հոսքը, միջանցքներում ինչ-որ անհասկանալի երևույթներ քննարկելը, աշխատողների սովորությունն աշխատանքային ժամերից հետո գրասենյակում մնալ, ինձ մեծապես զարմացրեց, նաև այն փաստը, որ կենտրոնում աշխատող գրեթե բոլոր դասախոսները շաաատ երիտասարդ էին։ Առաջին ենթադրությունս այն էր, որ այս ոլորտը շատ երիտասարդ է Հայաստանում, հետևաբար մասնագետներն էլ են երիտասարդ։ Մյուս կողմից էլ ինքս ինձ հարցրի, «Երիտասարդ լավ ծրագրավորողի համար արդյո՞ք հետաքրքիր է դասավանդելը․ չէ որ նա հիմնականում լավ վարձատրվում է և արդյո՞ք իր ազատ ժամանակն ուզում է դասերի վրա ծախսել»։
Ժամանակին ասում էին՝ դասավանդելն արվեստ է, և այդ ունակությունը կամ տրվում է բնատուր կամ ոչ, սակայն, հիշելով իմ ուսանողական տարիների բազմաթիվ դասախոսներին, կարծում եմ՝ դա չէ իրականությունը, այլապես մենք կունենայինք շատ քիչ դասախոսներ։ Դասավանդելը հմտությունն է, որը ժամանակի ընթացքում հնարավոր է զարգացնել, եթե ունես ցանկություն, ժամանակ և հավես։ Դասախոս դառնալու կամ ինչ-որ դասընթաց վարելու ճանապարհները և պատճառները մարդկանց մոտ տարբեր են լինում, բայց իմ անձնական վերլուծությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ ծրագրավորողները սկսում են դասավանդել կամ գոնե մտածել դաս տալու մասին, երբ
1․ Ուզում են բարելավեն իրենց՝ արդեն իսկ ունեցած գիտելիքները։ Ցանկացած բան, երբ այն բացատրում ես ուրիշին և համոզվում, որ հասկացավ, դու ինքդ ավելի լավ ես պատկերացնում։ Իսկ ծրագրավորման մեջ ոչ միայն բացատրում ես, այլ նույն երևույթը կամ խնդիրը տեսնում ես մի քանի տեսանկյունից։ Նույն խնդրի համար մտածում ես տարբեր լուծումներ, քանի որ որքան խմբում ուսանող, այնքան հնարավոր տարբերակ կամ գոնե հարց։
2․ Ուզում են միշտ «ֆորմայի» մեջ մնալ։ ՏՏ-ն շատ արագ է զարգանում, ամեն տարի ոլորտում հայտնվում են նոր տեխնոլոգիաներ, միջավայրեր, և աշխատանքի հոսքի մեջ երբեմն, իսկ ավելի ճիշտ շատ հաճախ, դժվար է ժամանակ գտնել նոր բան սովորելու, նամանավանդ երբ դա քեզ այդ պահին աշխատանքի բերումով պետք չի, բայց քեզ շատ է հետաքրքրում։
3․ Ուզում են ինչ-որ լավ և արդյունավետ բան անել հասարակության՝ հատկապես երիտասարդների ու նրանց կրթության համար։ Այս ոլորտում որոշ ժամանակ աշխատելով՝ կարող եմ վստահորեն ասել, որ այն մի տեսակ «ցեց» է, որ կպավ, անընդհատ ուզում ես մնալ, քանի որ արդյունքն ակներև է։ Չեմ խոսում տնտեսական աճից կամ նման այլ ցուցանիշներից, այլ ավելի հասարակ երևույթներից․ օրեցօր շատացող ընկերություններ, լիքը աշխատատեղեր և միջինից բարձր աշխատավարձեր։ Իսկ եթե դու նաև այս ոլորտի համար ամենակարևոր կապիտալը՝ մարդկային կապիտալը ստեղծողներից ես կամ մասնակիցներից ես, ուզում ես, որ այդ զարգացումը մշտապես լինի, որ նոր ու նոր մարդիկ մտնեն ոլորտ, որ ծրագրավորողի մասնագիտությունը դառնա ամենամոդայիկը, ամենատարածվածը, որ երիտասարդ տղաներն ու աղջիկները ու նաև նրանց ծնողները հասկանան՝ ինչ հետաքրքիր է ծրագրավորելը ու սկսեն աշխատել այս ոլորտում։
4․ Ուզում են հետաքրքրիր ու քեզնից մի քիչ էլ երիտասարդ նոր կոլեգաներ կամ թիմի անդամներ ունենալ։ Ծրագրավորման գրեթե բոլոր ընկերությունները, անկախ նրանից փոքր են թե մեծ, ունեն լավ աշխատողի կարիք, իսկ լավ մասնագետի կարելի է պատրաստել դասավանդման ժամանակ և ընդունել քեզ մոտ որպես աշխատակից կամ փորձնակ։
5․ Ուզում են հավելյալ գումար վաստակել, բայց freelance չանել։ Փորձը ցույց է տալիս, որ դասավանդումը ոչ միայն զարգացնում է քո մասնագիտական հմտությունները, այլ նաև հաղորդակցական, թիմը ղեկավարելու և ուղղորդելու հմտությունները, ինչը իհարկե չկա freelance աշխատանքի ժամանակ։
Դասավանդելու պատճառները կարող են լինել տարբեր, չդասավանդելու արդարացումները նույնպես, բայց եթե թեկուզ մեկ օր, կյանքի ինչ-որ փուլում մտածել ես, որ «այ որ ես դաս տայի, այս մասը ուրիշ ձև կբացատրեի», ուրեմն արժե փորձել։