Երբ նպատակասլացությունը ու ճիշտ գիտելիքները խոչընդոտներ չեն ճանաչում
2016թ․ի սեպտեմբերին երբ սկսում էինք նոր դասընթաց UI/UX դիզայն վերնագրով, ոչ մեկ չէր ակնկալում, որ դասընթացը դեռ չավարտած մասնակիցներից շատերն արդեն աշխատանք կգտնեն։ Մասնակիցներից էր նաև Սուսաննա Ղազարյանը, ով ժամանակին ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան և մի 8-9 տարի չէր աշխատել։
«Եկա տեղեկատվական հանդիպման և դասախոս Տիգրանին հարցրեցի, թե արդյո՞ք խնդիր չէ, որ Photoshop կամ Illustrator չգիտեմ։ Կկարողանա՞մ ես արդյո՞ք դառնալ UI/UX դիզայներ և հիշում եմ, որ պատասխանեց, որ եթե նպատակասլաց ես, ունես ցանկություն և մի քիչ ճաշակ, ապա կկարողանաս։
Երկու ամիս տևողությամբ դասընթացները հեշտ չէին, քանի որ UI/UX-ի վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ պետք էր նաև սովորել, թե ինչպես աշխատել Photoshop-ով, ինչպես վերարտադրել այն, ինչ մտածել ես։ Սակայն դասախոսի մատուցման ձև և վստահությունը, որը ես կարող եմ, ստիպում են քեզ առաջ գնալ։ Բացի այդ, իմ համառության և նպատասլացության շնորհիվ ինձ մոտ սկսեց ավելի լավ ստացվել։ Դասընթացների ժամանակ դասախոսը տալիս էր տարբեր առաջադրանքներ, որոնք պահանջում էինն դասընթացի ընթացքում ներկայացված գիտելիքի կիրառություն։ Դասընթացից հետո ինձ աշխատանքի առաջարկ արեցին, և ես արդեն աշխատում եմ BetConstruct ընկերությունում որպես UI/UX դիզայներ։»
Սուսաննայի օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որը եթե կա նպատակասլացություն և կամք, ապա մարդ կարող է ամեն ինչ սովորել։