Ի՞նչ եմ սովորելու «JavaScript-ի ներածություն» դասընթացի ընթացքում
Front-end-ը վեբ ծրագրավորման այն հատվածն է, որի արդյունքում մենք՝ որպես սպառողներ, տեսնում ենք պատկեր, որն ունի որոշ ֆունկցիոնալ հատկություններ։ Առաջին հայացքից front-end-ը կարող է թվալ ծրագրավորման ամենադյուրին յուրացվող մասը, այդ իսկ պատճառով ներկայումս մեծ հետաքրքրություն է առաջացնում շատերի շրջանում։ Մյուս կողմից նպաստում է նաև մեծ պահանջարկը, քանի որ այն ամենը, ինչ ներկայումս մեզ շրջապատում է առօրյայում, ունի վեբ ծրագրավորման տարրեր․ ցանկացած վեբ հավելված, վճարման տերմինալ, նույնիսկ սմարթ հեռուստացույց։
Ի՞նչ է պետք իմանալ front-end ծրագրավորող դառնալու համար։ HTML, CSS և Javascript-ի գիտելիքները նվազագույնն են, ինչը հնարավորություն կտա դառնալ front-end ծրագրավորող:
«JavaScript-ի ներածություն» դասընթացը մշակված է այն մարդկանց համար, ովքեր դեռևս առաջին քայլերն են անում այս ոլորտում։ Դասընթացի առաջին հատվածում սովորում ենք աշխատել HTML նշագրման լեզվով, մասնավորապես՝ ստեղծել HTML փաստաթղթեր, նախագծել կայքերի «կմախք», ինչպես նաև աշխատել նկարների և հղումների հետ։
* Դասընթացի առաջին երկու դասից հետո կկարողանաք ստեղծել վեբ կայքի կառուցվածքը։
Երրորդ դասից սկսած HTML-ին կավելացնենք նաև CSS-ի հետ աշխատանքի հմտություններ, որոնց օգնությամբ կարող ես ոճային ձևավորում հաղորդել քո իսկ ստեղծած կայքերին՝ ինչպես internal և inline, այնպես էլ external ոճավորման մեթոդներով։ Միավորելով HTML-ի և CSS-ի մեր գիտելիքները՝ կկարողանանք ստեղծել ավելի գեղեցիկ վեբ էջեր:
* Այսպիսի վեբ կայքերի արտաքին տեսքը կկարողանաք մշակել դասընթացի 6 դասերի արդյունքում, սակայն սա դեռևս ծրագրավորում չէ։
HTML և CSS-ի հատվածից հետո կսկսենք ծանոթանալ JavaScript-ի հիմունքներին, որի միջոցով որոշակի ֆունկցիոնալություն կհաղորդենք մեր կայքի տեսանելի մասին։ Նախ և առաջ կհասկանանք, թե որոնք են JS ծրագրավորման լեզվի տվյալների տեսակները, ինչպես հայտարարել փոփոխականներն ու օպերատորները, հայտարարությունների/statements-ի տրամաբանությունը, կսովորենք կազմել Loop/ցիկլ և կառավարել դրանք, գրել ֆունկցիաներ և դրանք կիրառել տարբեր խնդիրներում։
* 12 դաս անց կկարողանաս ստեղծել վեբ հավելված և դրան հաղորդել ինտերակտիվություն:
Այս դասընթացի արդյունքում դու front-end վեբ ծրագրավորող չես դառնա (երևի թե չէիր սպասում նման պատասխան :) ), բայց կունենաս լավ հիմք ավելի խորացնելու գիտելիքներդ այս բնագավառում և ուսումնասիրելու JavaScript լեզվի ավելի խորացված տարրերը, որից հետո կարող ես անցում կատարել JavaScript-ի որևէ միջավայրի՝ Angular, React կամ VUE։