Վերադարձա Գյումրի ու դարձա ծրագրավորող

Հոգով արվեստագետ, մասնագիտությամբ երաժիշտ, ներկայումս արդեն ծրագրավորող Սոնա Իսրայելյանը  ընդամենը մեկ տարի առաջ որոշեց Ռուսաստանից հետ վերադառնալ Հայաստան, դառնալ ծրագրավորող և փորձել այստեղ գտնել աշխատանք և արեց։ Մեկ տարի անց նա Ավռոմիկ ընկերությունում ոչ միայն աշխատում է որպես ծրագրավորող, այլ նաև հանդիսանում է Գյումրու մասնաճյուղի ղեկավար։

Սոնան Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզի» ծրագրի մասնակից է։


 «Համացանցով տեսա, որ Գյումրիում նման ծրագիր է մեկնարկում, որոշեցի, որ պետք է վերադառնամ հետ Հայաստան և անպայման մասնակցեմ այս ծրագրին։ Դիմեցի, գնացի քննության, ու չնայած նրան, որ մաթեմատիկայի քննությունից շատ բարձր բալեր չէի հավաքել, կանչեցին հարցազրույցի, որի ժամանակ ոչ միայն տրամաբանական հարցեր էին տալիս, այլ նաև փորձում էին հասկանալ, թե որքանով եմ ես պատրաստ այս վեց ամիսների ընթացքում սովորել և որոշակի արդյունք ցույց տալ։»


 Հարցազրույցի ավարտից հետո ծրագրում ընդգրկվեցին 80-ից ավել մասնակիցներ, որոնք մեկ ամիս ուսումնասիրեցին ծրագրավորման հիմունքներ, այնուհետև ընտրեցին իրենց մասնագիտական ուղղությունները։


 «Ես ընտրել էի վեբ ծրագրավորում PHP-ով և առաջին իսկ դասին, երբ մեր դասախոս Դիման սկսեց բացատրել նոր թեման, ինձ թվաց, որ կամ ես եմ սխալ տեղ հայտնվել, կամ դասախոսը։ Առաջին մեկ ամիսը շատ սթրեսային էր, ամեն ինչ նոր էր, մեծ ծավալի տեղեկատվություն էր, որը պետք էր շատ արագ ընկալել և անցնել առաջ։ Օրական կտրվածքով 8-10 ժամ սովորում էի, ամբողջ օրս անցկացնում էի Տեխնոլոգիական կենտրոնում, կարդում էի, կոդ գրում, փորձում և հասկանում էի, որ դեռ քիչ է, դեռ շատ բան ունեմ սովորելու։

Հիմա, երբ փորձում եմ արդեն իրական ծրագիր մշակել, հասկանում եմ, թե որքան օգտակար էին այդ դասընթացների ընթացքում տրված ինֆորմացիան և թե ինչպիսի պրոֆեսիոնալ մասնագետ էր մեզ դաս տալիս։ Ներկայումս շատ հաճախ հետ եմ գնում և կարդում մեր դասերի նյութերը։»


 5-ամսյա դասընթացներն ավարտեցին ընդգրկված մասնակիցներից ոչ բոլորը, շատերը ծրագրի ընթացքում դուրս եկան, իսկ հաջողությամբ ավարտածները անցան պրակտիկայի փուլ։


 «Դասընթացի ավարտին ես սկսեցի հետաքրքրվել գործող ընկերություններով, գնացի Ավռոմիկ ընկերություն և փորձեցի ընդունվել այնտեղ պրակտիկայի։ Բարեբախտաբար, նրանք համաձայնվեցին ինձ վերցնել՝  պրակտիկայի ծրագրին մասնակցած ևս 3 ուսանողների հետ և մեզ որպես առաջադրանք տվեցին իրենց նախագծերից մեկը։ Գործնական աշխատանք անելիս հասկանում ես, որ դեռևս կան շատ բացեր և դեռ շատ բան կա սովորելու, բայց դա է ծրագրավորման ոլորտի փիլիսոփայությունը, պետք է մշտապես սովորել և հաջողում է նա, ով արդյունավետ և արագ է սովորում։»


 Պրակտիկայի ծրագիրը դեռևս չի ավարտվել, բայց Սոնան արդեն ոչ միայն ստացել է աշխատանքի առաջարկ, այլ նաև նշանակվել է Գյումրու մասնաճյուղի գրասենյակի ղեկավար։ Միաժամանակ, Սոնան սկսել է Linux-ի հիմունքներ դասավանդել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում և կիսվել իր ունեցած գիտելիքներով։ Սոնան այլևս չի մտածում ոչ միայն Ռուսաստան վերադառնալու մասին, այլև նույնիսկ չի ցանկանում տեղափոխվել Երևան։ Ունենալով լավ մասնագիտական աշխատանք՝ Սոնան ցանկանում է մնալ Գյումրիում և փորձել այստեղ մասնագիտական հաջողությունների հասնել։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները հանդիսանում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի պատասխանատվությունը և կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետը: