Տարբեր մասնագիտություններից անցում ծրագրավորմանը

 

«Այս ծրագիրը նման էր մի արտադրական գործընթացի, սկզբում՝ դասընթացների ժամանակ, սովորում էինք, թե ինչ մասերից է բաղկացած արտադրությունը, ինչպես են հաստոցներն աշխատում, ինչ խնդիրներ կարող են ունենալ, իսկ արդեն պրակտիկայի ընթացքում մենք էինք նախագծում և աշխատացնում այդ հաստոցները և ստանում գործող արտադրանք։» 

Սոնյա Եղիազարյան


 Տնտեսագետներից, մաթեմատիկոսներից և արվեստաբաններից բաղկացած այս խումբը Եվրոպական միության և ՀՀ Տարածքային զարգացման և կառավարման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում մասնակցել է 5-ամսյա ծրագրավորման դասընթացների և խորապես ուսումնասիրել C# ծրագրավորման լեզուն՝ չունենալով ոչ մի մասնագիտական գիտելիքներ ծրագրավորման ոլորտում։ Դասընթացների ավարտից հետո դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցներից ձևավորվեցին խմբեր, որոնք, աշխատելով տարբեր մենթորների հետ, սկսեցին մշակել իրական նախագծեր։


 «Մենք մշակում ենք արևային էներգիայի տաքացուցիչների պատվերների հարթակ, որի շնորհիվ այն անձինք, ովքեր ցանկանում են տեղադրել արևային էներգիայի տաքացուցիչներ, կկարողանան պատվեր ձևակերպել, կամ եթե արդեն ունեն տեղադրած, կարող են մասնագետի կանչ պատվիրել, իսկ պատվերն իրականացնող կառույցն իրական ժամանակում կստանա պատվեր կամ կանչ։»

Ալեքսան Սարգսյան


 Այս նախագիծն իրականացնելու համար մասնակիցները պրակտիկայի ծրագրի շրջանակում  ոչ միայն գործնականում զարգացրել են իրենց հմտությունները, այլև սովորել SQL, Entity framework, ինչպես նաև իրականում հասկացել project life cycle։


 «Ամեն օր մենք ինկուբացիոն լաբ ենք գալիս աշխատելու և օրական կտրվածքով 7-8 ժամ աշխատում ենք, շփվում մյուս թիմերի հետ, քննարկում մեր նախագիծը, խնդիրները, որոնք առաջանում են։ Յուրաքանչյուր օրվա ավարտին մեր մենթորի հետ անում ենք stand-up հանդիպում, ինչը ընդունված է շատ ծրագրավորման ընկերություններում, ամփոփում ենք մեր արած աշխատանքը և քննարկում հաջորդ օրվա առաջադրանքները։ Ինկուբացիոն լաբորատորիան ոչ միայն աշխատանքային վայր է դարձել, այլ ստեղծվել է հաճելի կրթական միջավայր։»

Վարուժան Տոլբակյան


Պրակտիկայի ծրագրի նպատակն է  մասնակիցներին ոչ միայն պրակտիկ փորձ տալ, այլ նաև սովորեցնել ծրագրավորման ընկերությունների աշխատանքային մշակույթին, աշխատանքի ընթացքում կիրառվող գործիքներին։ Ծրագրի ավարտին մասնակիցները կանցնեն հարցազրույցներ տարբեր ՏՏ ընկերություններում՝ որպես կրտսեր ծրագրավորող աշխատանքի անցնելու համար։