Գրի՛ր C#-ով քո առաջին կոդը հիմա

 

Երբ սկսում ես ինչ-որ նոր բան սովորել, առաջին քայլը միշտ ամենադժվարն է թվում։ Ծրագրավորումը բացառություն չէ։ Եթե երբևէ մտածել ես ծրագրավորում սովորելու մասին, հավանաբար քեզ մոտ հարց է առաջացել՝ որտեղի՞ց սկսել։

Այսօր միասին կփորձենք գրել քո առաջին կոդը՝ «Hello, World!» ծրագիրը։ Սա պարզապես մի ծրագիր է, որը էկրանին տպում է «Hello, World!» հաղորդագրությունը։ Սակայն դրա նշանակությունը շատ ավելի մեծ է. այն ծանոթացնում է քեզ ծրագրավորման հիմնարար գաղափարներին և առաջին քայլն է դեպի ավելի բարդ ծրագրեր։

Այս հոդվածում դու կսովորես՝

  • Ի՞նչ է «Hello, World!» ծրագիրը և ինչու է այն կարևոր
  • Ինչպե՞ս գրել քո առաջին C# ծրագիրը
  • Ինչպե՞ս գործարկել այն և հասկանալ ծրագրի կառուցվածքը
  • Ի՞նչ է սպասվում սրանից հետո

Ի՞նչ է «Hello, World!» ծրագիրը և ինչո՞ւ է այն կարևոր

Երբ մենք նոր լեզու ենք ուսումնասիրում, առաջին բանը, որ սովորում ենք, սովորաբար «Բարև» ասելն է։ Ծրագրավորման դեպքում «Hello, World!»-ը հենց այդ առաջին արտահայտությունն է, որը մենք սովորում ենք գրել կոդով։

Այս պարզ ծրագիրը քեզ կօգնի՝

▪️Գրել ու գործարկել քո առաջին կոդը

▪️Հասկանալ, թե ինչպես է կառուցված C# ծրագիրը

▪️Հասկանալ, թե ինչպես են համակարգչին տրվում հրահանգները։ 

Ինչպե՞ս գրել քո առաջին C# ծրագիրը

Արի՛ տեսնենք, թե ինչ տեսք ունի C#-ի ամենապարզ ծրագիրը, բայց նախքան այն գործարկելը, կարևոր է հասկանալ, թե ինչպես են նրա բաղադրիչներն աշխատում։

Եթե դու օգտագործում ես .NET 8 կամ ավելի նոր տարբերակ, C#-ը թույլ է տալիս գրել ավելի պարզ կոդ՝ առանց լրացուցիչ կառուցվածքների։

 

Console.WriteLine("Hello, World!");

 

Այս կոդը հրահանգ է, որը համակարգչին ասում է՝ «Տպի՛ր էկրանին՝ Hello, World!»։

Ի՞նչ է նշանակում այս կոդը․


Console.WriteLine("Hello, World!"); – հրահանգ, որը տպում է տեքստը կոնսոլում (համակարգչի տերմինալում)։

Տեքստը գրված է չակերտների մեջ (" ") – սա նշանակում է, որ մենք հրահանգում ենք տպել հենց այս բովանդակությունը։

.NET 8-ում սա բավարար է ծրագիրը գործարկելու համար, և քեզ պետք չէ սահմանել class Program կամ Main() ֆունկցիան։

 

Եթե օգտագործում ես .NET Framework, ապա պետք է օգտագործես հետևյալ կառուցվածքը․

 

using System;

class Program
{
     static void Main()
     {
          Console.WriteLine("Hello, World!");
     }
}

 

🔹 using System; - Պատկերացրու, որ C#-ն ունի գործիքատուփ, և այս տողով ասում ես․ «Ես ուզում եմ օգտագործել այդ գործիքներից որոշները»։ Այս դեպքում՝ տեքստ տպելու համար։

🔹 class Program - Սա քո ծրագրի «տունն» է, որտեղ պահվում է ողջ կոդը։

🔹 static void Main() - Սա ծրագրի մեկնարկային կետն է։ Երբ գործարկում ես ծրագիրը, այն սկսում է աշխատել հենց այստեղից։ Առանց սրա ձեր ծրագիրը գոյություն կունենա, բայց ոչինչ չի անի։

🔹 Console.WriteLine("Hello, World!"); - Սա հենց այն հրահանգն է, որը համակարգչին ասում է․ «Տպի՛ր էկրանին՝ Hello, World!»։

 

Ինչպե՞ս գործարկել ծրագիրը

Հիմա, երբ դու արդեն գիտես, թե ինչպես է աշխատում ծրագիրը, ժամանակն է այն գործարկելու։

1️⃣ Բացիր Visual Studio կամ Visual Studio Code (եթե դեռ չունես, կարող ես ներբեռնել և տեղադրել)։

2️⃣ Ստեղծիր նոր ծրագիր (Create a new project)`ընտրելով Console App (C# language)

3️⃣ Պատճենիր ու տեղադրիր վերևում ներկայացված կոդը ֆայլի մեջ։

4️⃣ Սեղմիր «Run» կամ «Debug» կոճակը, որպեսզի ծրագիրը գործարկվի։

5️⃣ Էկրանին կտեսնես «Hello, World!» հաղորդագրությունը։ 

Շնորհավորում ենք, դու հենց նոր գրեցիր քո առաջին ծրագիրը C#-ով։ 

Ի՞նչ է սպասվում սրանից հետո

Չնայած «Hello, World!» ծրագիրը շատ պարզ է, այն իրականում առաջին քայլն է դեպի ավելի բարդ ու հետաքրքիր նախագծեր։ Այս փոքրիկ կոդը ցույց է տալիս, թե ինչպես են ծրագրերը կառուցվում, ինչպես են հրահանգները փոխանցվում համակարգչին, և ինչ սկզբունքով է աշխատում ծրագրավորումը։

Եթե դու ցանկանում ես խորանալ ծրագրավորման մեջ, ապա հաջորդ քայլը կլինի պայմանական օպերատորների, ցիկլերի և տվյալների կառավարման հիմունքների ուսումնասիրությունը։

C#-ն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ՝ սկսած վեբ հավելվածներից մինչև խաղերի ծրագրավորում։ Կարևորն այն է, որ ընտրես ուսուցման ճիշտ մեթոդներ։ Պրակտիկան, իրական նախագծերի վրա աշխատանքը և շարունակական ուսումնասիրությունն այս պրոցեսի անբաժան մասն են։

Որքան շատ փորձես, այնքան արագ կսովորես։ Սկսի՛ր փոքր քայլերից, եղի՛ր հետևողական, և ժամանակի ընթացքում կկարողանաս ստեղծել բարդ ու հետաքրքիր ծրագրեր։

 

-----------------------------------------------------------------------------------------------------------

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանն առաջարկում է «Ծրագրավորման հիմունքներ սկսնակների համար» դասընթացը՝ մշակված նրանց համար, ովքեր ուզում են մուտք գործել IT ոլորտ, բայց չգիտեն՝ որտեղից սկսել: