Ցանցային ադմինիստրացիա. Թվային աշխարհի գաղտնի հերոսները

Այսօրվա թվային աշխարհում, որտեղ մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր ասպեկտ կապված է տեխնոլոգիաների հետ, ցանցային ադմինիստրատորները կարևոր դեր են խաղում՝ ապահովելով տարաբնույթ կազմակերպությունների թվային հենքի անխափան աշխատանքը: Բայց ի՞նչ են իրականում անում ցանցային ադմինիստրատորները, և ինչո՞ւ է նրանց մասնագիտությունն այդքան պահանջված:

Ո՞վ է ցանցային ադմինիստրատորը 

Ցանցային ադմինիստրատորները պատասխանատու են համակարգչային ցանցերի կառավարման, պահպանման և անվտանգության համար: Ավելի պարզ ասած՝ նրանք ստեղծում, տեղադրում և պահպանում են ցանցային համակարգերը, որոնք կապում են, օրինակ, համակարգիչները, տպիչները և մնացյալ սարքերը: Նրանք ապահովում են այդ շղթայում եղած բոլոր սարքերի ճիշտ հաղորդակցումը, տվյալների անվտանգությունն ու ցանցի անխափան աշխատանքը: 

Ի՞նչ անել, եթե ինտերնետ կապն անհասանելի է, տպիչները չեն տպում, էլ․ հաղորդագրություններ չեք կարողանում ուղարկել, աշխատանքային համակարգչով կամ էլ․ հասցեով պատահմամբ բացել եք ֆիշինգային նամակ, չեք կարողանում մուտք գործել աշխատանքային ծրագրեր ․․․ այս բոլոր հարցերին լուծում են տալիս հենց ցանցային ադմինիստրատորները։ 

 

Ինչո՞ւ է աճում այս մասնագետների պահանջարկը 

Ցանցային ադմինիստրացիա մասնագիտության պահանջարկի կտրուկ աճը պայմանավորված է մի շարք գործոններով՝ 

  • Թվային փոխակերպում: Ավելի ու ավելի շատ բիզնեսներ անցնում են թվային լուծումների, վերջինս պահանջում է հուսալի ու անվտանգ ցանցային համակարգեր:
  • Կիբեռանվտանգություն: Կիբերհարձակումների աճը մեծացնում է անվտանգային միջոցառումների կարևորությունը, ինչն իր հերթին ենթադրում է հմուտ մասնագետների ներգրավում՝ թվային ակտիվները պաշտպանելու համար:
  • Հեռավար աշխատանք: Հեռավար աշխատանքի անցնելու տեմպերին զուգահեռ առաջանում է և՛ ցանցային համակարգերի կարգաբերումների, և՛ անվտանգային հարցերի լուծման անհրաժեշտություն։
  • Cloud Computing: Անցումն ամպային ծառայություններին պահանջում է բարդ և հիբրիդային ցանցերի կառավարման հմտություններ:
  • Իրերի ինտերնետ (IoT): Տնային և բիզնես միջավայրերում կապակցված սարքերի տարածումը նոր ցանցային մարտահրավերներ է առաջացնում:
  • 5G և առաջադեմ տեխնոլոգիաներ: 5G ցանցերի և նորարար տեխնոլոգիաների (արհեստական բանականություն ու մեքենայական ուսուցում) ներդրումը ևս պահանջում է ցանցային տեխնոլոգիաների ժամանակակից մոտեցումների կիրառում։
  • Տվյալների աճ: Տվյալների ստեղծման և պահպանման ծավալների արագ աճին զուգընթաց առաջանում է ցանցերի կառավարման բարդ մեթոդների ներդրման անհրաժեշտություն։ 

 

Ո՞վ կարող է դառնալ ցանցային ադմինիստրատոր

Ցանցային ադմինիստրացիան մի ոլորտ է, որը պահանջում է տեխնիկական հմտությունների, խնդիրների լուծման ունակությունների և ՏՏ ենթակառուցվածքի նկատմամբ մեծ հետաքրքրության համադրություն։ Այս մասնագիտությունը հասանելի է տարբեր անձանց համար՝ սկսած նոր ավարտածներից մինչև փորձառու ՏՏ մասնագետներ և նույնիսկ ոչ տեխնիկական ոլորտի ներկայացուցիչներ։  Եթե ցանկանում ես մուտք գործել այս ոլորտ, անհրաժեշտ է ունենալ լավ տրամաբանություն, առնվազն հիմանական դպրոցի մաթեմատիկական գիտելիքներ, վերլուծելու ու պրպտելու կարողություն և, իհարկե, շատ աշխատելու տրամադրվածություն։ 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն առաջարկում է Ցանցային ադմինիստրացիա մասնագիտության դասընթացների ամբողջական ծրագիր, որը հնարավորություն է տալիս մասնագիտանալ այս ոլորտում և համալրել որակյալ մասնագետների շարքը։