Կյանքն համակարգային ադմինիստրավորման հետ կամ առանց
«Համակարգիչս կախվեց, ի՞նչ անեմ», «մեյլս ափդեյթ չի լինում», «վեբկայքը թռավ», «սերվերին չեմ կարողանում միանալ»․․․ այս բոլոր դեպքերում մենք սկսում ենք հիշել գրասենյակի համակարգային ադմինիստրատորին/system administrator/ և հարցը լուծվելուն պես մոռանալ, որ մենք նման խնդիր ենք ունեցել կամ նույնիսկ չհետաքրքրվել, թե ինչն էր խնդրի պատճառը։
Համակարգային ադմինիստրատորները սովորական հագուստով «սուպերհերոսներ» են, որոնք ստեղծում են այն միջավայրը, որը մեզ շրջապատում է աշխատանքում և փրկության գալիս, երբ մեր համակարգիչները կամ ամբողջ համակարգը խնդիրներ ունեն։ Իրականում նրանց դերը ահռելի է՝ կայուն և անվտանգ ՏՏ ենթակառուցվածք ունենալու համար, անկախ նրանից խոսքը 10 համակարգչից բաղկացած ցանցի, թե հազարավոր համակարգիչներից, սերվերներից բաղկացած համակարգի մասին է։ Համակարգային ադմինիստրատորների պահանջարկը՝ համաձայն ԱՄՆ-ի աշխատաշուկայի վիճակագրության գրասենյակի տվյալների, 2020թ․ին կմեծանա 28%-ով։
Արդյո՞ք Հայաստանում էլ նրանք այդպիսի պահանջված մասնագետներ են։ Պարզվում է, որ բանիմաց համակարգային ադմինիստրատորների աշխատավարձը նույնիսկ Հայաստանում կարող է հասնել մի քանի հարյուր հազարների։
Ի՞նչ է պետք իմանալ համակարգային ադմինիստրատոր դառնալու համար
Ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ նույնպես կան նվազագույն հմտություններ, որոնք ցանկացած համակարգային ադմինիստրատոր, նույնիսկ սկսնակ, պետք է կարողանա անել։
- Տեղակայել և կառավել օպերացիոն համակարգեր, օրինակ՝ Windows, Linux
- Հասկանալ դոմեյնային ծառայությունների ակտիվ տեղեկատուի Active Directory Domain Services կառուցվածքը, տեղադրել տիրույթի վերահսկիչներ/domain controller և հասկանալ դրանց դերը
- Կառավարել ցանցում ներառված էլ հասցեները, խմբերը, համակարգիչները:
Իսկ ավելի լավ ադմինիստրատորը կարող է իրականացնել նաև հետևյալ գործողությունները՝
- Ավտոմատացնել AD DS կառավարմումը՝ օգտագործելով Windows PowerShell
- Իրականացնել IPv4-ը կամ IPv6-ը
- Իրականացնել DNS ծառայությունը
- Իրականացնել DHCP-ծառայությունը
- Մշակել տեղեկատվության պահպանման համակարգ
- Մշակել ֆայլերի պահպանության եւ տպելու համակարգ
- Ստեղծել եւ կառավարել կազմակերպության անհրաժեշտ ծրագրային քաղաքականություն:
Եթե այս տերմինները քեզ թվում են բարդ ու անհասկանալի, բայց ոլորտը հետաքրքիր, ապա դեռ ամեն ինչ կորած չէ։ Լավ համակարգային ադմինիստրատոր դառնալու համար նախ և առաջ պետք է ունենալ ՝
- Վերլուծական մտածողություն
- Տեխնիկական նորություններին անդադար հետևելու ցանկություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Մարդկանց հետ շփվելու կարողություն
- Մի քանի գործողություն միաժամանակ անելու ունակություն
- Սուպերհերոսի հագուստ :)
Եթե այս ամենը բնութագրում է քեզ, միգուցե ժամանակն է դիմել «Համակարգային ադմինիստրավորման» պրակտիկայի ծրագրին։ Ծրագիրը նախատեսված է տեխնիկական կրթություն ունեցող մարդկանց համար և ներառում է ոչ միայն ինտենսիվ դասընթացներ, այլև գործնական նախագծեր, որի արդյունքում կկարողանաս գործնականում զարգացնել քո հմտությունները և պատրաստ լինել անմիջապես ծրագրից հետո անցնել աշխատանքի։ Դե իսկ լավագույն մասնակիցները շատ չեն չարչարվի, այլ միանգամից հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Ամերիկյան BlueNet ընկերությունում։