«Երևակայության գավաթ» (Imagine Cup 2018) մրցույթը բաց է Հայաստանյան թիմերի համար

Microsoft ընկերությունը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հրավիրում են ավագ դպրոցի աշակերտներին, ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրատներին՝ մասնակցելու ամենամյա Imagine Cup միջազգային տեխնոլոգիական մրցույթին։

«Երևակայության գավաթ» մրցույթն աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթներից է ՏՏ ոլորտի ուսանողների համար, որն անցկացվում է Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից և նպատակ ունի օգնել երիտասարդ մասնագետներին՝ բացահայտելու իրենց ներուժը, իրականացնելու իրենց գաղափարները սեփական նախագծերում և ներկայացնել դրանք միջազգային փորձագետներին։ Այսօր մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներ և տարածաշրջաններ ողջ աշխարհում:


Մրցույթի անվանակարգերը 

2018 թվականի մրցույթի համար հայտարարվել են 3 կատեգորիաներ՝ AI, Big Data, Mixed Reality։

  • Mixed Reality․ Ընդլայնված և վիրտուալ իրականությանն առնչվող ծրագրեր։
  • Microsoft Bot Framework-ի միջոցով բոտերի մշակում։ Microsoft Cognitive Services-ի կիրառումը Windows-ծրագրերում, բոտերում, Xamarin-ի միջոցով ստեղծված և բջջային հավելվածներում։
  • Big Data. «Մեծ տվյալների» հիմքով կանխատեսող մոդելների կառուցում՝ Microsoft Azure Machine Learning-ի կամ CNTK-ի կիրառմամբ և Microsoft Power BI-ում վիզուալիզացիայով։ Կարելի է մշակել սարքավորում իրերի համացանցի (IoT) և մեծ տվյալների հիման վրա։ Ստեղծել Blockchain տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված հավելվածներ։

Մրցույթի փուլերը

Մրցույթն անցկացվելու է մի քանի փուլով։ Հայաստանյան փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կազմակերպիչների ամբողջական ֆինանսավորմամբ կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու տարածաշրջանի եզրափակիչ փուլին, որի հաղթողը հնարավորություն կստանա մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Imagine Cup 2018-ի եզրափակիչ փուլին և պայքարել 100,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակի համար։


Ինչպե՞ս են թիմերը գնահատվելու

Մրցույթի Հայաստանյան փուլում ժյուրին կգնահատի ներկայացված գաղափարների

  • եզակիությունը,
  • նորարարական տեխնոլոգիական լուծումները,
  • անգլերեն լեզվով սեփական նախագծերը պատշաճ ներկայացնելու կարողությունները։ 

Ինչպե՞ս և ե՞րբ դիմել 

Մինչև 3 անդամից բաղկացած հետաքրքրված թիմերը իրենց հայտերը կարող են ներկայացնել առցանց հղումով՝ https://imagine.microsoft.com/en-us/Country/AM։

Մասնակցության առցանց հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի մարտի 20-ը։