Ինչպե՞ս հիշել սովորածդ

Փղերն ունեն ամենամեծ հիշողությունը և գրեթե ոչինչ չեն մոռանում, ինչի շնորհիվ նրանք երկար են ապրում։ Ինչպիսի՞ հիշողություն ունենք մենք և ինչպե՞ս մտապահենք ծրագրավորմանն առնչվող նյութերը, որպեսզի մենք էլ երկար հիշենք և աշխատենք որպես ծրագրավորող։

Հիշողությունը կարծես զգեստապահարան լինի, որտեղ կա երկաթյա մի ձող, որի վրա տեղավորվում են կախիչները, իսկ կախիչների վրա՝ հագուստը և աքսեսուարները։ Որպեսզի այն ամուր լինի, պետք է ունենալ կայուն ամրան։ Եթե համեմատական անցկացնենք ծրագրավորման հետ, ապա որպեսզի այն, ինչ մենք սովորում ենք տեսանյութեր նայելիս կամ գրքեր կարդալիս, կարողանանք հիշել, պետք է ունենանք լավ հիմք՝ ձողը, իսկ հիմքի վրա արդեն կավելացնենք կախիչները, մեր դեպքում հիմնարար գիտելիքները, իսկ գիտելիքների վրա արդեն՝ ավելի կոնկրետ գրելաձևերը։ Ի՞նչ անել, որպեսզի հիշել, թե ինչպես էր գրվում այս կամ այն ֆունկցիան, tag-ը և այլն։ Առավոտյան մեղրաջուր խմելը կարող է օգնել, բայց ոչ էականորեն։


Ուղղակի մի՛ կարդա կամ նայիր տեսանյութեր

Փորձի՛ր համեմատականներ անցկացնել քեզ արդեն ծանոթ երևույթների հետ։ Օրինակ` ծրագրավորման մեջ loop-ը հասկանալու համար ես այն համեմատում էի իմ զարթուցիչի աշխատանքի հետ, երբ այն միացնում եմ շաբաթվա բոլոր աշխատանքային օրերի համար, բացի հանգստյան օրերին։ Այսինքն, սահմանում եմ որոշակի պայմաններ, որոնց դեպքում այն կամ միանում է, կամ անցնում է հաջորդ փուլ, և դա տեղի է ունենում շարունակաբար։


Գործնականում փորձի՛ր գրել կոդ

Ցանկացած նոր բան սովորելիս գործնականում փորձի՛ր այն, կլինի հասարակ մի ֆունկցիա, թե խնդրի լուծման եղանակ։ Ներկայումս առկա առցանց կոդի editor-ները, ինչպիսիք են՝ CodePenJSFiddle կամ Workspaces թույլ են տալիս տեղում տեսնել կոդի արդյունքը և եթե սխալ է, հասկանալ, որտեղ է սխալը։ Փորձի՛ր գտնել տարբեր խնդիրներ և լուծել դրանք։ Codesignal, Codewars, Codebytes կայքերն առաջարկում են ծրագրավորման բազմաթիվ լեզուներով տարբեր խնդիրներ։


Աշխատի՛ր ուրիշի կոդի վրա

Եթե դու սկսնակ ծրագրավորող ես, քեզ կարող է մեծապես օգնել ավելի փորձառու ծրագրավորողի գրած կոդը կամ ստեղծած ճարտարապետությունը։ Տեսնելով արդեն գրված կոդը՝ փորձի՛ր հասկանալ այն, կոդի տակ գրված տրամաբանությունը և լուծել նույն խնդիրը ինքնուրույն։ Սա նմանվում է դպրոցական «փոխադրության», բայց այդպես ևս մեկ անգամ կրկնում ես արդեն տեսածդ ու փորձում, փորձում, փորձում։


Մի փորձի՛ր անգիր անել կոդը

Սկզբնական շրջանում դժվար է մտապահել բոլոր tag-երը, selector-ները, property-ները կամ value-ները։ Ժամանակի ընթացքում այդ ամենն ամրապնդվում է հիշողությանդ մեջ։ Ուղղակի պիտի համբերությամբ զինվել և չհուսահատվել ամեն անգամ, երբ չես հիշում, թե ոնց էիր գրում այս կամ այն tag-ը։ Այն, ինչ կարելի է հեշտությամբ գտնել համացանցում, պետք չէ հիշել։


Ինքդ քեզ համար ստեղծի՛ր Mnemonics-ներ

Դպրոցական տարիքում, երբ նոր էինք ռուսերեն սովորում, կանոնները սովորում էինք՝ մտածելով որոշակիորեն հանգավորված նախադասություններ, ինչպես օրինակ՝ жи/ши пиши с буквой и, կամ հոլովները հիշելու համար կար նմանատիպ նախադասություն՝ Иван Родил Девчонку Велел Тащить Пелёнку։ Նույն կերպ կարելի է մտածել ծրագրավորման դեպքում: Օրինակ՝

այս նշանը նմանեցնում են ճագարի ատամներին կամ _ նշանը՝ հատակին, իսկ օրինակ՝ CSS-ում margin ու padding-ի կողմերը հիշելու համար կարելի է ուղղակի հիշել TRouBLe բառը, հետևաբար (TRBL/top, right, bottom, left):


Պատմի՛ր ուրիշին

Դպրոցում պատմողական առարկաներն անցնելիս մեր ծնողները ստիպում էին սկզբնական շրջանում իրենց պատմել մեզ հանձնարարված դասը։ Ինչքան շատ էինք պատմում, այնքան ավելի լավ էինք հիշում։ Նույն մեթոդը գործում է նաև ծրագրավորման մեջ։ Փորձի՛ր խնդիրդ կամ կոդդ պատմել ընկերոջդ կամ տան անդամին (կամ նույնիսկ շանը, եթե իհարկե նա քեզ կհասկանա)։


Ինչպես համակարգչի հիշողությունը, այնպես էլ մերը, միշտ թարմացման և ընդլայնման կարիք ունի։ Պետք է ուղղակի հանգիստ ընդունել այս փաստը և փորձել գտնել ամենահարմար memory card-ը։