«Ծրագրավորման ժամը» կարող է դառնալ ինտելեկտուալ Հայաստանի սկզբնաղբյուրներից մեկը
Տեխնոլոգիաները կազմում են մեր առօրյայի անբաժանելի մասը։ Որոշ մարդիկ կարծում են, որ տեխնոլոգիաները հեշտացնում են մեր կյանքը, որոշները գտնում են, որ տեխնոլոգիաները ուտում են մեզ և դարձնում ռոբոտները։ Անկախ այն բանից, թե բնակչության որ մասի կարծիքի հետ եք համամիտ, տեխնոլոգիաները ուղղակի մեր կյանքում են։ Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարևոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաև ստեղծել։
Բազմաթիվ զարգացած երկրներ, կարևորելով ծրագրավորումը՝ որպես երեխաների մոտ տրամաբանություն և խնդիրների լուծման հմտություն զարգացնող առարկա, այն ներառել են հանրակրթական համակարգում, և տարրական դպրոցից սկսած աշակերտները ծանոթանում են ծրագրավորման տրամաբանությանը։ Հայաստանում ծրագրավորումը դեռևս շարունակում է մնալ տեխնիկական մասնագիտացում առաջարկող որոշ դպրոցների առավելությունը, որի արդյունավետությունը ապացուցվում է այդ դպրոցների շրջանավարտների հաջողությամբ։ Ծրագրավորման նկատմամբ հետաքրքություն առաջացնելու և երեխաների մոտ տրամաբանությունը զարգացնելու նպատակով յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավել երկրներում կազմակերպվում է Ծրագրավորման ժամ/ Hour of Code միջոցառումը՝ ներգրավելով ավելի քան 280 մլն մասնակցի։ Համաշխարհային ՏՏ ընկերությունները միջոցառման համար մշակում են ծրագրավորման տարբեր խնդիրներ խաղերի տեսքով, որոնք մասնակիցները փորձում են լուծել մենթորների օգնությամբ։
Հայաստանում արդեն երրորդ անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է Ծրագրավորման ժամ/ Hour of Code միջոցառումը։ Ընդլայնելով միջոցառման աշխարհագրությունը այս տարի ի հավելումն Երևանի այն կազմակերպվում է նաև Գյումրիում և Վանաձորում։ 2015-ին Երևանյան միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից։ Այս տարի ակնկալվում է, որ մասնակիցների քանակն առնվազն կկրկնապատկվի։ Ծրագրավորման ժամն առաջինը կմեկնարկի Վանաձորում դեկտեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, Գյումրիում՝ Գյումրի Տեխնոլոգիական կենտրոնում և Երևանում՝ «Այբ» դպրոցում։
Ի՞նչ է սպասվում Ծրագրավորման ժամ/ Hour of Code 2016-ին
Հայաստանյան ՏՏ համայնքը հիշեցնում է հրեական մի փոքր համայնք, որի զարգացմանը նպաստում է համայնքի ամեն մի կայացած անդամ։ Բազմաթիվ ՏՏ ընկերություններ իրենց ներդրում են ունենում նոր ծրագրավորողների կրթության, երիտասարդների մոտ հետաքրքրության առաջացման հարցում։ Այս տարի Ծրագրավորման ժամ/ Hour of Code միջոցառմանը որպես մենթորներ ներգրավված կլինեն ծրագրավորողներ Teamable, Joomag, Monitis, Topsoft, BetConstruct, PicsArt, Instigate, InConcept lab, Rkeys, IBM ISTC, Noor Games ընկերություններից, ովքեր կփորձեն մասնակիցներին իրենց տարիքին համապատասխան խաղերի միջոցով բացատրել ալգորիթմներ, ֆունկցիաներ, սովորեցնել գրել իրական կոդ։ Ծրագրավորման ժամը փորձի փոխանակման և գիտելիքները ուրիշների հետ կիսելու լավ հնարավորություն է նաև մեր կենտրոնի շրջանավարտների համար։ Տասնյակ մասնագետներ, ովքեր ծրագրավորում են սովորել մեր կենտրոնում և ներկայումս հանդիսանում են Questrade, BetConstruct, Volo, Fimetech, Praemium ընկերությունների աշխատակիցներ, սիրով մասնակցում են միջոցառմանը և յուրօրինակ մեթոդներով և առաջադրանքներով բացատրում մասնակիցներին տարբեր ծրագրավորման խնդիրներ։ Հետաքրքրական է այն, որ մեկ անգամ միջոցառմանը մասնակցած թե մենթորները, և թե մասնակիցները միշտ վերադառնում են հաջորդ տարվա միջոցառմանը։ Հիմնական պատճառը այն ոգևորվածությունն է և հետաքրքվածությունը, որով ավարտվում է ամեն տարվա Ծրագրավորման ժամը, չէ որ այդ հետաքրքրությունն է իրենց ինչ-որ մի օր կայացած ծրագրավորող դարձրել կամ դարձնելու։