Համայնքների տվյալների թվայնացումը որպես պրակտիկայի ծրագրի նախագիծ
Տվյալագիտությունն այսօր ամենից արագ զարգացող տեխնոլոգիաներից է: Հայաստանի համար սա նույնպես կարևոր ուղղություն է։ Արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը նոր խաղի կանոններ է թելադրում ամբողջ աշխարհում, և ի հայտ են գալիս բեկումնային տեխնոլոգիաներ, որոնք սկսում են փոխել աշխարհը։ Սակայն տվյալագիտությունը կարող է զարգանալ, եթե առկա է այդ ոլորտի տվյալների թվային տարբերակը։
Շիրակի մարզպետարանը նախաձեռնել է Ախուրյանի համայնքի մասին ամբողջական տեղեկատվության թվայնացման նախագիծը, որն իրականացնում է Gtech ընկերությունը՝ Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի մասնակիցներ՝ Գևորգ Հովհաննիսյանի և Գուրգեն Պետրոսյանի հետ համատեղ։
«Ախուրյանի համայնքը մեր մարզի խոշորացված համայնքներից մեկն է և ներառում է 7 համայնք։ Մեր նախագիծը թույլ է տալու թվայնացնել այդ համայնքների ունեցած տվյալները բոլոր ոլորտներում և հետագայում արդյունավետորեն օգտագործել՝ տարիների ընթացքում համեմատականներ անցկացնելու, տվյալները վերլուծելու և հետագայում առավել արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար։»
Գևորգ Հովհաննիսյան
Այս երիտասարդները ընդամենը 8 ամիս առաջ սկսեցին սովորել ծրագրավորում։ Դասընթացների ընթացքում նրանք ջանք ու եռանդ չէին խնայում հանձնարարված նյութերը սովորելու և առաջ գնալու համար։ Պրակտիկայի ընթացքում GTech ընկերությունը նրանց առաջարկեց մշակել Ախուրյանի թվայնացման ծրագիրը, ինչին երիտասարդները մոտենում են մեծ պատասխանատվությամբ։
«Դասընթացների ժամանակ մենք սովորել էինք վեբ ծրագրավորում PHP-ով, իսկ պրակտիկայի ընթացքում այս նախագիծը անելու համար մեզ պետք էր սովորել YII framework: Մեր մենթորը մեզ տալիս է որոշակի առաջադրանք, որը մենք պետք է անենք և հանձնենք 3-4 օրերի ընթացքում։ Դեռևս ամեն ինչ ըստ պլանավորվածի է ընթացնում, և մինչ պրակտիկայի ծրագրի ավարտը մենք պլանավորում ենք հանձնել նախագիծը։»
Գուրգեն Պետրոսյան
Գևորգը և Գուրգենը դարձել են ինկուբացիոն լաբորատորիայի մշտական բնակիչներից, նրանք լաբորատորիայում աշխատում են ամեն օր ժամը 10-ից մինչև ուշ երեկո։ Ապրիլին արդեն կտեսնենք նրանց մշակած ծրագիրն ամբողջական տեսքով։
«Լաբորատորիայում բոլոր խմբերն են աշխատում, հարցերի դեպքում կարող ես ուրիշների հետ քննարկել, հավելյալ բաներ սովորել, սկսնակի համար բավականին նպաստող միջավայր է»։
Գևորգ Հովհաննիսյան