Խաղերի ծրագրավորումը որպես մասնագիտական ընտրություն
«Պրակտիկայի ծրագրի ընթացքում մենք հասկացանք, որ մեզ ավելի հոգեհարազատ է խաղերի ծրագրավորումը»։
Մաքսիմ Տորոյան
5-ամսյա ինտենսիվ դասընթացներից հետո Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի մասնակիցները Շիրակի մարզում գործող ընկերությունների մոտ անցան տարբեր թեստեր և հարցազրույցներ, որոնց արդյունքների հիման վրա կազմավորվեցին թիմեր, ովքեր այդ ընկերությունների հետ միասին, մենթորների վերահսկողությամբ, սկսեցին մշակել տարբեր նախագծեր։
«Թեստն այդքան դժվար չէր, որքան հարզացրույցը, քանի որ թեստի ժամանակ ունեինք և կարող էինք մտածել, իսկ հարցազրույցի ժամանակ տրվում էր խնդիր, որի լուծումը պետք է կարողանայիր գտնել։ Հարցազրույցից հետո ձևավորվեց այս խումբը, և մենք սկսեցինք պրակտիկա անցնել Աննանիկս ընկերությունում»։
Էվելինա Ոսկանյան
Խաղերի նախագծման ոլորտում մասնագիտացած Աննանիկս ընկերությունն առաջարկեց այս թիմին մշակել Tower Defense մի խաղ՝ սկզբից մինչև վերջ։ Սկզբնական շրջանում փորձեցին մշակել խաղերի փոքր կտորներ, ինչը զարգացրեց ծրագրավորման ոլորտում նրանց ունեցած պրակտիկ հմտությունները, այնուհետև սկսեցին մի մեծ խաղի նախագծումը։
«Հուսով ենք պրակտիկայի ծրագրի ավարտին արդեն կունենանք ամբողջ խաղը։ Մենք չենք մշակում միայն դիզայնի հատվածը։ Տեխնիկական ամբողջ կառուցվածքը մենք ենք մշակել։ Պրակտիկայի ընթացքում, հիմնվելով մեր ունեցած գիտելիքների վրա, սովորեցինք Unity Framework, հասկացանք թիմով ինչպես արդյունավետ աշխատել։ Ամեն օր 4-5 ժամ իրար հետ աշխատում ենք լաբում, քննարկում ենք այն խնդիրները, որոնք ընթացքում առաջանում են։»
Լուիզա Հովհաննիսյան
Լաբորատորիան ստեղծել է մի այնպիսի միջավայր, որտեղ բոլորը նույն հետաքրքրություններն ու նպատակներն ունեն։ Նրանք բոլորը թիմերով աշխատում են տարբեր նախագծերի վրա՝ կիրառելով տարբեր տեխնոլոգիաներ, սակայն բոլորն էլ սկսել են նույն կետից և հիմա արդեն կարողանում են գործնականում ծրագրավորել։
«Լավ ծրագրավորող դառնալու համար նախ և առաջ պետք է նպատակասլացություն, խելք և երևակայություն, հետո նոր տրամաբանություն և մաթեմատիկական գիտելիքներ։»
Ապրիլի սկզբին արդեն պատրաստ կլինի նրանց մշակած խաղը, և մենք կկարողանանք այն ներբեռնել և խաղալ։