Տնտեսագետից ծրագրավորող - Սաթենիկի անցած ուղին

Սաթենիկ Մարկոսյանը մեկն է մեր այն ուսանողներից, ովքեր ոչ միայն մեկ տարում կարող են մասնագիտություն փոխել, դառնալ ծրագրավորող, այլև այնքան հմտանալ նոր մասնագիտության մեջ, որ կարողանալ դասավանդել և կրթել ծրագրավորողների նոր սերնդի։

«Մասնագիտությամբ տնտեսագետ եմ և երկար տարիներ աշխատել եմ բանկային ոլորտում HSBC բանկում։ Սակայն միշտ սիրել եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը․ այն հնարավորություն է տալիս աբստարկտ և լայն մտածել, ինչու չէ նաև ստեղծագործել։ ՏՏ ոլորտին միանալու որոշումից մի քանի օր անց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարեց սկսնակների համար նախատեսված առաջին դասընթացի մասին, որը կարծես ինձ համար լիներ հայտարարած։ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացից հետո մասնակցեցի C# ծրագրավորման լեզվի առաջին մակարդակի դասընթացին, այնուհետև ՄԻԿ-ում սովորեցի ASP.net, MVC5, HTML5, CSS3, Bootstrap3, Javascript, Jquery։ Դասընթացները ինձ համար շատ լավ սկիզբ էին, լավ պատկերացում տվեցին ոլորտի մասին, հուշեցին, թե որ ուղղությամբ պետք է շարժվեմ։ Ինձ համար հրաշալի սկզիբ էր։ Դասընթացը միայն սկիզբն էր, դասընթացների ավարտից հետո ես ինքնուրույն շատ եմ սովորել և աշխատել։ Կարծում եմ, որ առանց ինքնուրույն աշխատանքի հաջողության չես հասնի։ Իսկ հաջողությունը աշխատանքն է, որը շատ հեշտ և արագ եմ գտել, առաջին իսկ փորձից։»

Սաթենիկը ներկայումս աշխատում է Ideal Solutions ընկերությունում որպես ծրագրավորող, միաժամանակ զարգացնում է իր ստարտափը Mapwork-ը, որը նախաձեռնել է մի խումբ ընկերների հետ դեռևս ՄԻԿ-ում սովորելու ժամանակ։ Ծրագրավորող աշխատելուց զատ Սաթենիկը հասցրել է դառնալ ՄԻԿ-ի ամառային ճամբար հաճախող երեխաների սիրելի ուսուցիչը, ով մեծ ոգևորությամբ և պրոֆեսիոնալիզմով փոքրիկների համար բացահայտում էր ծրագրավորման գաղտնիքները։


Սաթենիկի խորհուրդը ՏՏ ոլորտում առաջին քայլեր անողներին՝

«Սկսե՛ք հիմունքներից, մասնավորապես «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացից։ Այն լավ պատկերացում կտա, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագրավորումը, հետո արդեն կարելի է ընտրել, թե որ ուղղությամբ շարունակել backend թե frontend։»