Նկարիչ-մոդելավորողից - UI/UX դիզայներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աղջիկների ներգրավվածությունը վաղուց այլևս նորություն չէ, նրանց քանակը ոչ միայն մեծանում է, այլև նկատվում է հետաքրքիր տենդենց․ աղջիկները հիմնականում զբաղվում են ստեղծարար տարրեր պարունակող աշխատանքով։ Մեր ուսանողներից Միլենա Մանթաշյանը, մոտ լինելով արվեստի ոլորտին, իր ստեղծարար մտքերն է արտացոլում վեբ ծրագրավորման, մասնավորապես UI/UX դիզայնի ոլորտում։

«Մինչ ՏՏ ոլորտ գալը, ունեի նկարիչ-մոդելավորողի մասնագիտություն։ UI/UX դիզայնը մոտ է նկարչությանը, և որոշեցի այդ ոլորտում մասնագիտանալ։ Համացանցով տեսա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հայտարարությունը «Վեբ ծրագրավորման» դասընթացի վերաբերյալ, որոշեցի մասնակցել, քանի որ կարծում եմ, որ UI/UX դիզայների համար կարևոր է պատկերացնել ծրագրավորման ամբողջ շղթան, ինչպես նաև ունենալ բազային գիտելիքներ HTML-ից, CSS-ից և JavaScript-ից։ Դասընթացը շատ արդյունավետ էր․ դասախոս Հայկ Գրիգորյանը դասավանդման հետաքրքիր մեթոդաբանություն ունի, յուրաքանչյուր ուսանողի հետ աշխատելու յուրովի մոտեցում։ Որպես ուսանող՝ ոգևորվում ես դասախոսի պատրաստակամությունից և ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունից։ Դասընթացը բաղկացած է տեսական ու գործնական առաջադրանքների լավ համադրությունից, որի արդյունքում լավ հիմք ես ունենում և կարող ես աշխատանքի անցնել որպես intern կամ կրտսեր ծրագրավորող։ Ուղղակի բացի դասից, պետք է օրական ինքդ քեզ վրա աշխատես 5-6 ժամ։»

Ներկայումս Միլենան պրակտիկա է անցնում Mlab-ում և մշակում է բջջային հավելվածների UI/UX դիզայնը։ «Լավ մասնագետ դառնալու համար պետք է լինել շատ աշխատասեր, հետևել տենդենցներին և լինել ստեղծարար։»


Միլենայի խորհուրդը սկսնակին

Պետք է ուղղակի հավատալ սեփական ուժերին։ Երբ նոր ես սկսում սովորել, շատ դեպքերում չես հասկանում՝ ինչ ես անում, չես կողմնորոշվում՝ ինչ սովորել, պետք է լինի մեկը, ով սկզբնական շրջանում կուղղորդի, կբացատրի, նման մարդիկ ՄԻԿ-ի դասախոսներն են։