Ծրագրավորման դասընթացներ քոլեջի ուսանողների համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ), Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի հետ համատեղ սկսում է ծրագրավորման ինտենսիվ, գործնական դասընթացներ քոլեջում սովորող ուսանողների համար։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կամուրջ միջին մասնագիտական կրթության և ՏՏ ընկերությունների միջև» ծրագիրը բաղկացած է 2 փուլից՝

  • Փուլ I

6-ամսյա դասընթացներ՝ ի հավելումն քոլեջի ուսումնական ծրագրի, որի ընթացքում դու կսովորես ներկայումս մեծ պահանջարկ ունեցող ծրագրավորման լեզուներ՝ սկսած հիմունքներից մինչև խորացված մակարդակ։ Դասընթացները կանցկացվեն համաձայն ՄԻԿ-ի մշակած ուսումնական պլանի, որի արդյունքում հարյուրավոր ուսանողներ ստացել են հիմնարար գիտելիքներ և ներկայումս աշխատում են հայաստանյան առաջատար ՏՏ ընկերություններում։ էլ ի՞նչ է պետք լավ ծրագրավորող դառնալու համար: Մեր նախկին ուսանողներ Գերաս Երեմյանը և Վահագն Ղլիջյանն այս հոդվածում https://bit.ly/2XcxNJx  պատմում են, թե ինչպես իրենք դարձան ծրագրավորող։ Վստահորեն այս ծրագրի արդյունքում նույնպես կգրվեն նմանատիպ պատմություններ արդեն քո կամ քո ընկերների մասին։

  • Փուլ II

6-ամսյա ծրագրավորման ճամբար Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, որի ընթացքում դու կզարգացնես ծրագրավորման քո գործնական գիտելիքները, կսովորես աշխատել թիմում իրական նախագծերի վրա։ Այս փուլում թիմերի հետ կաշխատեն ՏՏ ընկերություններում աշխատող ծրագրավորող/մենթորներ, ովքեր քեզ կնախապատրաստեն աշխատանքային պրակտիկայի, կօգնեն քեզ ստեղծել քո պորտֆոլիոն։ Պրակտիկ փորձի առկայության ամենալավ ապացույցը դա մշակած ծրագրերն են, և այդ ամենի մասին կարող ես կարդալ մեր ուսանող Միշա Զաքարյանի կարծիքը  https://bit.ly/34Qt0jF


Ինչո՞ւ մասնակցել

Ներկայումս դու սովորում ես ՏՏ ոլորտին առնչվող մասնագիտացմամբ և քոլեջում անցնում ես ծրագրավորմանն առնչվող բազմաթիվ դասընթացներ։ Աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող ծրագրավորողի համար ներկայացվող պահանջներին համապատասխանելու համար շատ հաճախ քեզ պակասում է գործնական ծրագրավորման փորձ, ավելի խորքային գիտելիքներ, մշակած ծրագրերի օրինակներ, թիմում աշխատելու հմտություն։ Այս ծրագիրը գալիս է քեզ օգնելու այդ հարցում․ հիմնովին հասկանալ ծրագրավորման հիմունքները, սովորել պահանջարկ ունեցող ծրագրավորման լեզուներ և համապատասխանել շուկայի պահանջներին։   


Ո՞վ կարող է մասնակցել ծրագրին

Ծրագրի շրջանակում ներառված բոլոր դասընթացներն անվճար են։ Ծրագրին դիմել կարող են այն անձինք, ովքեր

  • հանդիսանում են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի կամ Վայոց Ձորի պետական տարածաշրջանային քոլեջի ուսանող (առկա կամ հեռակա);
  • ծառայել են զինված ուժերում և ունեն զինվորական գրքույկ կամ մինչև 2021թ․ հունվար չեն մեկնելու զինվորական ծառայության (արական սեռի դիմորդների համար)։

Ինչպե՞ս են ընտրվելու մասնակիցները

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ։ Թեստը տեղի կունենան դեկտեմբեր ամսին։ Թեստի անցկացման մասին նախապես կտեղեկացվեն դիմորդները։ 2-4-րդ կուրսերի ուսանողները պետք է հանձնեն նաև ծրագրավորման հիմունքների իմացությունը ստուգող թեստ։

Թե ինչ է սպասվում քեզ թեստի ժամանակ և հետագայում ծրագրի ընթացքում կարող ես իմանալ այս հոլովակից https://bit.ly/33K1qEw, որը պատմում է Շիրակում իրականացրած մեր նախորդ ծրագրի մասին։


Ինչպե՞ս դիմել

Մինչ 2019թ․ի դեկտեմբերի դեկտեմբերի 5-ը, 23:59 լրացրու այս դիմում-հայտ` http://tiny.cc/owq5fz .

 Ի հավելումն դիմում-հայտի՝ բոլոր դիմորդները պետք է քննության օրը իրենց հետ բերեն

  • ուսանողական գրքույկի պատճեն
  • զինվորական գրքույկի պատճեն
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն՝  (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և մենք ուրախությամբ կպատասխանենք Ձեր հարցերին։   

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները հանդիսանում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի պատասխանատվությունը եւ կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետը: