Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Երևանում կազմակերպել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը։
Միջոցառման ընթացքում 70 հայտադիմումից ընտրված 11 ստարտափ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրել է իր արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության և ֆինանսների կառավարման գործում:
Մրցույթի վերջնական արդյունքներն ու հաղթողի անունը հայտարարել է ժյուրիի անդամ, միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ Թհոմաս Մազեջյանը:
Ժյուրիի որոշման արդյունքում Շվեյցարիայում կայանալիք «Seedstars» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավել ներբեռնում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 000 000 ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։
Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Inapptics և Breedge ընկերությունները։
Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցեցին միջոցառման գլխավոր գործընկեր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։