Երբ մի բան սիրում ես, հավեսով ես անում
Յուրաքանչյուր ամիս մեր կենտրոնում սովորում են հարյուրավոր ուսանողներ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ, տարբեր հետաքրքրություններ և ծրագրավորում սովորում են տարբեր պատճառներով, սակայն գրեթե բոլորին միավորում են լավ մաթեմատիկական գիտելիքները և մաթեմատիկայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Մովսես Սարյանը նույնպես բացառություն չէ։
«Ցածր դասարաններից իմ հետաքրքրությունները տեխնիկական էին։ Սիրում էի տրամաբանական խնդիրներ լուծել, սովորել մաթեմատիկա, ֆիզիկա և իհարկե ունենալ փող։ Ծրագրավորումը որպես մասնագիտություն ընտրեցի, քանի որ շատ ոգևորված էի օլիմպիական ծրագրավորման խնդիրներով և ինձ համար այն ամենահեռանկարային ուղղությունն էր։ Սակայն մինչև ծրագրավորմանը տիրապետելը՝ զբաղվել եմ և հիմա էլ շարունակում եմ զբաղվել մաթեմատիկայով։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն եկա իմ ընկերների խորհրդով և մասնակցեցի C# ի, ASP.NET framework-ի դասընթացներին։ Բուն դասընթացը տևեց երկու ամիս, սակայն դասընթացից հետո մոտ երեք ամիս գալիս էինք ՄԻԿ և աշխատում մեր պրոյեկտների վրա։ Դասընթացները ինձ տվեցին C#-ի խորը իմացություն, վեբ ծրագրավորման գիտելիքներ և ամեն ինչ, ինչ պետք է ստարտափ սկսելու համար։ ՄԻԿ-ում սովորած C# ծրագրավորման լեզուն պետք է գալիս ամեն քայլափոխին, սակայն ամենակարևոր և օգտակար բանը, որ սովորել եմ ՄԻԿ-ում , դա արագ և հիմնովին նոր տեխնոլոգիաներին տիրապետելն է։
Երբ զգացի, որ բավականաչափ գիտելիք ունեմ, ուղղակի դիմեցի իմ ուզած ընկերություն OMD, գնացի հարցազրույցի և անցա աշխատանքի։
Մովսեսի խորհուրդը ՏՏ ոլորտում առաջին քայլեր անողներին՝
Ձեր առաջ դրեք մեծ և ինչ-որ տեղ գոռոզ նպատակներ, ժամանակ մի կորցրեք, իսկ ունեցած ժամանակն էլ ծախսեք միայն արժեքավոր բաների վրա։