2 շաբաթ՝ հասկանալու, թե ինչ է ծրագրավորումը

Երևի թե ոչ մի ուրիշ մասնագիտություն այսօր մեր երկրում այդքան PR-ված չէ, որքան ծրագրավորումը։  Եթե 70-ականներին բոլոր երեխաները ուզում էին տիեզերագնաց դառնալ, իսկ հետխորհրդային 90-ականներին նախագահ կամ առնվազն նախարար, ապա 2000-ականներին երեխաների համար նույնպես հեղափոխական ժամանակաշրջան եկավ, և հիմա շատերը դառնում են ծրագրավորող կամ քայլեր են կատարում ծրագրավորող դառնալու ու ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Իսկ ի՞նչ անենք մենք, երբ արդեն երեխա չենք և ուզում ենք ծրագրավորող դառնալ։


  • Բայց ես դպրոցում մաթեմից լավ չէի։
  • Բայց ծրագրավորումը բարձրագույն մաթեմատիկա է, չէ՞։
  • Ես դպրոցից հետո մաթեմատիկայի գիրք չեմ բացել, նույնիսկ տարրական բաներն եմ մոռացել։
  • Բայց ես համալսարանում չեմ սովորել համակարգչային գիտությունների կամ հարակից ուղղություններով:

Ծրագրավորումը թան չի, ամեն մարդու բան չի, բայց․․․․

Տուր քեզ երկու շաբաթ ժամանակ՝ հասկանալու, թե ինչ է ծրագրավորումը ու արդյո՞ք արժե դրա մեջ «թաթախվել»։ Սեփական փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ծրագրավորումը ձեռքի հետ սովորելու մի բան չի։ Ծրագրավորող դառնալու համար պետք է հստակ որոշել ու թողնել ամեն ինչ ու գնալ առաջ։ Իսկ հստակ որոշում ունենալու համար պետք է գոնե պատկերացնել, թե ինչ է և քեզ համար է՞, թե՞ չէ:

Սկսեցինք․․․


1․ Փորձի՛ր հասկանալ, թե ինչպիսին է ծրագրավորման տրամաբանությունը և ի՞նչ է նշանակում ծրագրավորել։

Սկսի՛ր ամենատարրական բաներից, տվյալ դեպքում մանկական խաղերից։ Մի՛ զարմացիր, ծրագրավորման տրամաբանությունը նույնն է նույնիսկ երեխաների համար, խնդիրներն են տարբեր։ 

Կարող ես սկսել Scratch–ից, որը Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի մշակած ծրագիր է և օգնում է երեխաներին սովորել ծրագրավորում։ Կամ եթե ունես ժամանակ և գիտես անգլերեն (եթե չգիտես, պետք է սկսես սովորել), ապա կարող ես անցնել Scratch-ի մի փոքր կուրս։

Կա նմանօրինակ ծրագրի նաև հայերեն տարբերակը, որը կոչվում է Աղվես։ Այն ծրագրավորման ուսուցման միջավայր է երեխաների համար՝ պատրաստված MIT մեդիալաբի կողմից և տեղայնացված Ինսթիգեյթ ընկերության ջանքերով։Կարող ես նաև այս տարբերակը փորձարկել։


2․ Մի ծախսի՛ր շատ ժամանակ առաջին կետի վրա։ Այո, հասկանում եմ, հավես է, երբ խաղում ես, բայց մի՛ շեղվիր։ Ծրագրավորման մեջ կենտրոնացումն ամենակարևոր բաներից մեկն է։

Դիտի՛ր մի քանի տեսանյութ  Հարվարդի համալսարանի մշակած «Համակարգչային գիտություն 50» դասընթացից։ Լավ նորություն․ կա նաև այս դասընթացի ռուսերեն տարբերակը։ Պետք չէ բոլորը նայել, բայց եթե արդեն հասել ես 5-րդ դասին, ապա անցի՛ր մյուս կետին։


3․ Փորձի՛ր ինքնուրույն սովորել ծրագրավորման մի որևէ լեզու։ HTML, CSS-ը ծրագրավորման լեզուներ չեն, որքան էլ որ դա ցավոտ է ընդունել։ Իմ խորհուրդը կլինի ուղղակի անցնել մի քանի առցանց դաս Python-ից: Պարտադիր չէ ամբողջ կուրսը անցնել, 5-6 դասից հետո դու ինքդ քեզ համար կհասկանաս՝ դու ուզում ես արդյո՞ք շարունակել։ Կարող ես փորձել այս երկու տարբերակներից որևէ մեկը՝ https://bit.ly/2xfiFwR կամ https://bit.ly/2NJg2MW։ Փորձի՛ր այս տարբերակը, եթե անգլերենը դեռևս խնդիր է։


4․ Այս ամենին զուգահեռ չես մոռանում, որ ամեն դեպքում կյանքը հիասքանչ է, և այս հիասքանչ կյանքում ծրագրավորող դառնալու համար պետք է կողմնորոշվել, թե ծրագրավորման որ ուղղությամբ խորանալ և ինչ լեզու սկսել սովորել։ Ամենալավ ճանապարհը, կարծում եմ, խոսելն է արդեն ծրագրավորող աշխատող ինչ-որ մեկի հետ։ Եթե քո շրջապատում չկա այդ մեկը, ապա ճիշտ կլինի օգտվել առցանց ռեսուրսներից՝ https://bit.ly/2iYItYohttps://bit.ly/2t0yckK։ 

Այս ամենը հնարավոր է իրականացնել իհարկե ավելի կարճ ժամանակահատվածում, սակայն եթե դու աշխատում ես, դրսում ամառ է ու շոգ, ֆուտբոլի աշխարհի խաղերն են և նման այլ հետաքրքիր խանգարող հանգամանքներ, ապա երկու շաբաթների ընթացքում կարող ես ինքդ քեզ համար կողմնորոշվել՝ ուզում ես շարունակել, թե ոչ։ Այս տարբերակին որպես այլընտրանք կարող ես դիտարկել նաև սկսնակի համար նախատեսված որևէ դասընթացի մասնակցելը։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում մենք առաջարկում ենք «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը, որի ընթացքում դասախոսի օգնությամբ հեշտությամբ կկողմնորոշվես և կհասկանաս, թե որ ուղղությամբ խորանալ։ Եթե որոշում ես շարունակել, ապա սկսվում է մի այլ հետաքրքիր ճանապարհ, սակայն արդեն առանց ֆուտբոլի ու ամառային շոգից նվնվալու։