Ի՞նչ է պետք լավ ծրագրավորող դառնալու համար

Ուսանողներ կան, որոնց հետ կարող ես ժամերով խոսել ու խոսել։ Գերաս Երեմյանը և Վահագն Ղլիջյանը այդ ուսանողներից են։ Նրանց անցած ճանապարհը շատ հետաքրքիր է, իսկ խորհուրդները՝ ուսուցողական։


Ինչպե՞ս սկսեցիր սովորել ծրագրավորում։

Գերաս - Անանիա Շիրակացու վարժարանում եմ սկսել սովորել, Pascal եմ սովորել, իսկ հետո Սլավոնական համալսարանում՝ C++: Տեխնիկական մտածելակերպիս շնորհիվ սիրում էի խնդիրները վերլուծել, լուծման նոր մոդելներ մտածել։ Մաթեմատիկական շատ խնդիրներ ունեն ավելի ժամանակակից լուծումներ, որոնք հետաքրքիր է ուսումնասիրել։

Վահագն - Մինչև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն գալը՝ 2010թ․-ին ավարտել էի Եվրոպական ակադեմիան, որոշակի մակարդակի գիտեի C#, C++, սակայն ծրագրավորմամբ չէի զբաղվել, բիզնեսով էի զբաղված, հետո Facebook-ով տեսա ՄԻԿ-ի հայտարարությունը, որոշեցի հետ վերադառնալ ծրագրավորման ոլորտ։


Ի՞նչ տվեցին ՄԻԿ-ի դասընթացները։

Վահագն - Դասընթացի առավելություններն շատ էին, երևի թե առաջիններից մեկը, որ բոլոր մասնակիցները մոտիվացված մարդիկ էին, ու միջավայրը շատ հետաքրքիր էր ու հավես։ Ունեինք լավ մենթոր, դասախոսներ, ովքեր ամեն ինչ բացատրում էին բավականին մատչելի կերպով, երևի թե նման ծրագիր Հայաստանում չի եղել, որ այդքան մեծ փորձառություն ու հիմնարար գիտելիքներ տա։

Գերաս - ՄԻԿ-ի ծրագրի գլխավոր առավելությունը նրանում էր, որ սկսնակների կուրս չէր, այլ արդեն որոշակի գիտելիքներ ունեցող մարդկանց և ավելի հետաքրքիր քննարկումների էր բերում, ավելի նոր լուծումներ էինք մտածում։


Ինչքա՞ն ժամանակում կարելի է սովորել ծրագրավորում։

Գերաս - Մեծ ցանկության դեպքում 0-ից սկսելու դեպքում պահանջվում է 4-6 ամիս, որպեսզի ձեռք բերես տարրական հմտություններ, սակայն պետք է կենտրոնանալ ոչ թե տեսական գիտելիքների վրա, այլ պրակտիկ հմտությունների։ Ծրագրավորումն այնպիսի բան է, որ եթե չսիրես, ամեն ինչ բարդ, ձանձրալի ու անհետաքրքիր է դառնալու, իսկ երբ սիրում ես, ամեն րոպեն շատ հետաքրքիր է։

Վահագն - Պետք է ուղղակի դու ինքդ քեզ վրա աշխատես, ժամանակ հատկացնես, 5-6 ժամ օրական աշխատես։


Coder vs developer

Գերաս - Developer-ի գործը շատ ավելի հետաքրքիր է, քանի որ խնդրին տալիս է ոչ թե մասնավոր, այլ ընդհանուր լուծում։ Խնդրին նայում ես համակարգային տեսանկյունից, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր բազային գիտելիքներ, իմանալ ալգորիթմներ, դիսկրետ մաթեմատիկա։

Չեմ ուզում թերագնահատել coder-ի դերը։ Ներկայումս մեծ է fast coder-ի պահանջարկը, երբ արագ գրում ես խնդրի լուծումը։


Խորհուրդ սկսնակին

Գերաս - Բավականին դժվար է ասել, թե որ լեզվից սկսել։ Ես կառաջարկեի օբյեկտ կողմնորոշված լեզվից, օրինակ՝ C# կամ C++, քանի որ երբ հասկանում ես օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման տրամաբանությունը, կարող ես ամեն ինչ մոդելավորել, ի վերջո շրջակա աշխարհում էլ ամեն ինչ օբյեկտներ են։

Մյուս կողմից, բոլոր գործատուների պետք են ունիվերսալ աշխատողներ։ Աշխարհն անընդհատ փոխվում է, ու պետք է արագ սովորել նոր բան։ Այս պահին խորհուրդ կտամ նաև սովորել JavaScript. Python-ն է ակտուալ շատ։ Բայց մի բան իմանալը շատ քիչ է, պետք է անընդհատ սովորել, սովորել թիմի անդամներից, փորձով փոխանակվել։


Ի՞նչ եղավ դասընթացների արդյունքում։

Գերաս - Ներկայումս աշխատում եմ որպես կրտսեր full-stack ծրագրավորող FactumSoft ընկերությունում։ Հետաքրքրականն այն է, որ աշխատանքի ընդունվելիս ուշադրություն դարձրեցին ոչ թե կոնկրետ ծրագրավորման լեզվի իմացությանը, այլ ծրագրավորման տրամաբանության իմացությանը։

Վահագն - Ներկայումս աշխատում եմ MerSoft ընկերությունում: Աշխատանքի վերցնելուց նայում են մաթեմատիկայի, ալգորիթմների, ծրագրավորման հիմունքների իմացությանը։

Միաժամանակ ՄԻԿ-ի թիմակիցների հետ նրանք ստեղծում են իրենց ստարտափ ընկերությունը GrichSolutions և ներկայումս աշխատում են տուրիստական ոլորտում նոր մի լուծման վրա, որը կարող է օգտակար և կիրառելի գործիք դառնալ տուրիստական գործակալությունների համար։ Ստարտափ անելուց մեծապես օգնում են ՄԻԿ-ի ծրագրում ձեռք բերած հմտությունները՝ փորձով փոխանակվելը, այլ մասնագետների հետ շփվելը, նոր գիտելիքներ ձեռք բերելը։