Ծրագրավորման ճամբարից ուղիղ PicsArt
19 տարեկանում որպես ծրագրավորող աշխատել ցանկանում են շատերը, իսկ PicsArt-ում աշխատելը շատերի համար է մնում երազանք, ինչը չենք կարող ասել ծրագրավորման ճամբարի` արդեն նախկին մասնակից Դավիթ Փիլիպոսյանի մասին։
Մինչև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն գալը սովորում էի Պոլիտեխնիկի 1-ին կուրսում, գրեթե պատկերացում չունեի, թե ծրագրավորումն ինչ է իրենից ներկայացնում, ու շատ քիչ բան գիտեի C++ ից: ՄԻԿ-ի մասին ընդհանրապես տեղեկություն չունեի, իսկ ծրագրավորման ճամբարի մասին տեղեկացա ֆեյսբուքի գովազդից:
Հայտ ներկայացնելուց հետո բոլոր մասնակիցները հանձնում են թեստ և անցնում հարցազրույց՝ ծրագրում ընդունվելու համար։ Մասնակցությունը խիստ մրցակցային է։ 100-ից ավել դիմորդներից անցնում են առավելագույնը 15 մասնակից։
Առաջին թեստը մի քիչ վախենալու էր, որովհետև մասնակիցները շատ էին, ու պետք էր շատ ուշադիր լինել, որ կարողանայիր անցնել: Դրանից հետո հարցազրույցի փուլն էր։ Առաջնային կարող եմ ասել, որ ուշադրությունը քո մարդ տեսակի վրա էր, կենտրոնանում էին այնպիսի բաների վրա, թե ինչքան ժամանակ կտրամադրես ծրագրին, կսովորես՝ արդյո՞ք թե չէ, իսկ հետո նոր արդեն լոգիկայի և ծրագրավորման ոլորտում ունեցած գիտելիքների վրա:
Ճամբարի առաջին իսկ օրից սկսվում է ծանրաբեռնված գրաֆիկով աշխատանքը, որին ոչ բոլորն են դիմանում։
ՄԻԿ-ում անցկացնում էինք առավոտյան 10-ից մինչև երեկոյան 9-ը: Ամեն օր 10-ին գալիս էինք ՄԻԿ, մինչև 3-ը անում էինք նախորդ օրը հանձնարարված տնային աշխատանքները, իսկ հետո դասախոսի հետ էինք աշխատում, սկզբում հարցեր էինք տալիս, հետո շարունակում այդ օրվա դասը մինչև 7-ը, այդքանից հետո 7-ից մինչև 9-ը կատարում էինք այդ օրվա առաջադրանքը և այդպես շարունակ:
Ծրագրավորման ճամբարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դասընթացների հետ միասին կատարվում է շատ պրակտիկ աշխատանք, գրվում են նախագծեր, որոնք դառնում են մասնակցի պորտֆոլիոյի մի մաս։
Ես իմ թիմի հետ աշխատում էի shoplist պրոյեկտի վրա, application էր, որով կպլանավորեիր քո առևտուրը: Ճամբարի արդյունքում մենք ունեինք պրակտիկ ինչ-որ աշխատանք արված, որի տված գիտելիքներով հետագայում ավելի հեշտ է լինում ամեն ինչ, և շատ մեծ դեր է խաղում այդ ամենն աշխատանքի ընդունվելիս:
Ներկայումս արդեն PicsArt-ում որպես կրտսեր ծրագրավորող աշխատող Դավիթի համար նույնիսկ հարցազրույցները բարդ էին, բայց դե ինչպես ժողովուրդն է ասում, «տաշած քարը գետնին չի մնա»։
Շատ դժվար էին անցնում հարցազրույցները, որովհետև հիմնականում ծանր և շփոթեցնող հարցեր էին տալիս, որոնք էլ ինձ շփոթության մեջ էին դնում:
Հետ նայելով 6 ամիս տևած ուղուն՝ Դավիթի խորհուրդը նոր ընդգրկված մասնակիցներին՝
Ամեն ինչ աշխատեք անել ինքնուրույն՝ հիմնականում քիչ հարցնելով ուրիշներին։ Երբ ինչ-որ բան եք կարդում ոչ թե ուշադրություն դարձրեք էջերին, այլ ամեն էջից քաղած ինֆորմացիային: