Ճամբարը ոչ միայն դասընթաց է, այլև մեծ թիմային աշխատանք

Ներկայիս մասնագիտությունների 60%-ը ըստ կանխատեսումների մոտակա 20 տարիների ընթացքում այլևս պետք չեն լինի աշխատաշուկայում, իսկ նրանց փոխարինելու են գալիս նոր մասնագիտություններ, որոնցում առաջատար է ծրագրավորումը։ Հայաստանում իրավիճակը նույնպես աստիճանաբար փոխվում է, և տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտացումները այլևս «մոդայիկ» չեն դիտարկվում երիտասարդների կողմից, ովքեր նոր են մասնագիտություն ընտրում։ Իսկ ինչ կարող են անել այն մարդիկ, ովքեր ավարտել են համալսարանը և ունեն որոշակի մասնագիտություն։ Տնտեսագետ Լիլիթ Խաչատրյանը այն վառ օրինակներից է, երբ ճիշտ ժամանակին կատարել է ճիշտ ընտրություն և փոխել իր մասնագիտությունը։


«Ավարտել եմ Հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, աշխատել եմ բանկային համակարգում, հաշվապահության ոլորտում։ Թվեր, հաշվարկներ․․․ բայց միշտ մտածել եմ, որ արժի փորձել ծրագրավորում սովորել։ Մագիստրատուրայում սովորելու ժամանակ որոշեցի ինքնուրույն փորձել, սկսեցի HTML, CSS, PHP սովորել, բայց հասկացա, որ գնալով բարդանում է ու ինքնուրույն չեմ կարողանում կողմնորոշվել: Front-end ծրագրավորումը սկսեց դուրս այլևս չգալ, բայց չէի կողմնորոշվում` ինչպես շարունակեմ։

Անցած տարի ամռանը որոշեցի մասնակցել ՄԻԿ-ի C#-ի դասընթացներին, բախտս շատ բերեց և հայտնվեցի Արայիկ Մելքոնյանի խմբում, անցա մի մակարդակ, որի ժամանակ հասկացա, որ պիտի այս ուղղությամբ գնալ, քանի որ back-end-ն ինձ ավելի էր դուր գալիս։ Կենտրոնում այդ ժամանակ հայտարարված էր Full Stack .NET-ի ծրագրավորման ճամբար։ Դասախոսից սկսեցի հետաքրքրվել ճամբարի ծրագրով, դասընթացների և ճամբարի տարբերությամբ, մտածեցի ավելի լավ կլինի ճամբարով շարունակեմ։


Ծրագրավորման ճամբարի գրաֆիկը ծանրաբեռնված է և հարուստ։ Միայն աշխատասիրությունը և նպատակասլացությունը կարող է օգնել հաջողության հասնելուն։

Ճամբարի առօրյան շատ խիտ էր, ամեն օր 9։30-ից ՄԻԿ էի գալիս պարապելու։ Քանի որ այս ոլորտում ես բազա չունեի, որոշ մասեր ինձ ավելի դժվար էր տրվում ու ստիպված տվյալների կառուցվածքներ, բազաների հետ աշխատանքը լավ հասկանալու համար շատ էի պարապում։ Այս ոլորտի ինֆորմացիան շատ է, ու շատ հաճախ չես կողմնորոշվում՝ ինչ կարդաս։ ՄԻԿ-ում այդ առումով շատ մեծ էր օգնությունը։ Ճամբարի դասախոս Լևոն Հովհաննիսյանը ճիշտ գրքեր խորհուրդ տվեց, որոնք կարդում էի ու անընդհատ փորձում, կոդ գրում, որ գործնականում ամրապնդվի։


Ճամբարը ոչ միայն դասընթաց է, այլև թիմային աշխատանք։

Ճամբարի ամենաարդյունավետ կողմերից մեկը խմբային քննարկումներն էին, ամբողջ թիմով հավաքվում էինք ու տարբեր առաջադրանքներ փորձում անել։ Նույն խնդրին տարբեր լուծումներ էինք մտածում, տեղում փորձում՝ հասկանալու համար աշխատում է, թե ոչ։ Ճամբարի 5 ամիսների ընթացքում ոչ մի օր առանց կոդ գրելու չի անցել։ 5-6 տարբեր նախագծեր, խաղեր ենք մշակել։ 10,000-ից ավել տող կոդ ենք գրել։


Մենք աշխատանք չենք երաշխավորում, քանի որ մասնակիցներն են իրենց աշխատանք երաշխավորում։

Ճամբարի վերջին ամիսներին տեխնիկական դասերից բացի սովորում էինք աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ այլ հմտություններ՝ սկսած cover letter գրելուց, LinkedIn-ում էջ բացելուց մինչև ինչպես անցնել հարցազրույց, ինչպես նախագծերը դնել GitHub-ում։ Այս ամենը կարող է շատ հասարակ թվալ, սակայն շատ օգտակար է, երբ նոր ես մուտք գործում քեզ համար անծանոթ ոլորտ։


Հարցազրույցների հնարավորություններ գործընկեր կազմակերպություններում

Ճամբարի ընթացքում ՄԻԿ-ի օգնությամբ 4-5 տարբեր ընկերություններ գնացի հարցազրույցների, հետաքրքիր փորձառություն էր։ Առաջին հարցազրույց գնալիս չգիտեի՝ ինչ ակնկալել, ինչ տեսակի հարցեր կտային։ Հետագա հարզացրույցների ժամանակ արդեն համեմատաբար հեշտ էր ճամբարի ընթացքում շատ բան ես սովորում, ուղղակի պետք է կարողանաս ճիշտ համեմատել, հասկանալ և կողմնորոշվել։


Մասնակիցներից շատերն աշխատանքի են անցնում դեռ ճամբարի ընթացքում։

ASP.Net Core-ի վերջին հատվածն էինք դեռ սովորում, երբ ՄԻԿ-ում ծանոթացա ապագա գործատուիս հետ։ Ամերիկյան SmartQuant Inc ընկերությունը նոր մասնագետներ էր ման գալիս Net ուղղությամբ, գնացի հարցազրույցի, տեղում առաջադրանք տվեցին, և առաջադրանքից հետո էլ տեղում աշխատանքի առաջարկ ստացա։ Առաջին մասնագիտությունից շատ չեմ հեռացել, աշխատում եմ back-end-ի թիմում ֆինանսական նախագծերի ավտոմատացման ուղղությամբ։


Full Stack .Net ճամբարի 15 մասնակիցներից 14-ն էլ անցել են աշխատանքի։